ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության պետական կոմիտեի գործունեությունը 2008 թվականին

04.02.2009

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց 2008 թվականին գիտության ոլորտում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձավ կոմիտեի 2009 թվականի ծրագրերին եւ ոլորտի համար կարեւոր նշանակություն ունեցող հետագա խնդիրներին:

 

Ասուլիսը կազմակերպված էր տեսապատկերային (համակարգչային Power Point) ծրագրով, ինչն էլ հնարավորություն տվեց թվային եւ գրաֆիկական տվյալների միջոցով առավել պատկերավոր ներկայացնել կոմիտեի կողմից իրականացված 2008 թվականի գործունեության արդյունքները:


Ներկայացվեցին ոլորտի համար կարեւոր նշանակություն ունեցող միջոցառումները, այդ թվում ՀՀ գիտական կազմակերպությունների անձնագրավորման արդյունքները, ՀՀ գիտական անկախ փորձագիտական համակարգը,գիտական միջոցառումների ֆինանսավորման հայտերի գնահատման սկզբունքները եւ չափանիշները,գիտական գործունեություն իրականացնող գիտական աստիճան ունեցողների տվյալները,մշակված իրավական ակտերի նախագծերը:


Ներկայացվեցին նաեւ 2008 թվականին կոմիտեի կողմից մշակված եւ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները՝ «Գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքները եւ չափանիշները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունների ձեւավորման սկզբունքների եւ չափանիշների մասին», «Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը «Երեւանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնադրելու թույլտվություն տալու մասին», «Հայաստանի Հանրապետությունում Աստղագիտության օրը նշելու մասին» ՀՀ կառավարության  որոշումները:


Ներկայացվեցին նաեւ միջազգային համագործակցության  ոլորտում կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները: 2008 թվականին մշակվել է «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ 2008 թ. մարտի 25-ին ստորագրվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի միջեւ մտադրությունների հուշագիրը: 2009 թվականի հունվարի 20-ին ՀՀ ԿԳՆ եւ Ֆրանսիայի Հանրապետության գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին ստորագրվել է պայմանագիր: Մշակվել են գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր՝ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի, Ռումինիայի գիտական հետազոտությունների ազգային մարմնի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ: Ներկայացվել են առաջարկություններ միջազգային ոլորտում համագործակցության մի շարք գործնական ծրագրերի, պայմանագրերի եւ համաձայնագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Մոսկվայի մարզի կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 2009-2011 թթ. ժամանակահատվածում առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության համատեղ ծրագրի, ՀՀ կառավարության եւ ՌԴ Չելյաբինսկի մարզի կառավարության միջեւ համաձայնագրի, գիտական ոլորտում հայ-իրանական համագործակցության ծրագրի վերաբերյալ:


Ասուլիսի վերջում Ս. Հարությունյանը ներկայացրեց նաեւ կոմիտեի գործունեությանն 2009 թվականի ծրագրերը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին