ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կնքվեց համագործակցության համաձայնագիր

13.10.2009

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Տեքնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիայի» նախաձեռնությամբ կազմակերպվեց մեկնարկային կլոր սեղան, որն ուղղված էր ՀՀ-ում ինովացիոն քաղաքականության, ազգային ինովացիոն համակարգի վերաբերյալ առաջիկայում նախատեսվող «կլոր սեղանների» թեմատիկան որոշելուն, կոնկրետ գիտատեխնիկական մշակումների քննարկման, նրանց հետագա առեւտրայնացման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման ձեւաչափերը մշակելուն:

 

Կլոր սեղանին  մասնակցում էին ՀՀ վարչապետի խորհրդական Արա Տեր-Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի, «Տեքնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիայի», Զարգացման հայկական գործակալության,  գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահը կարեւորեց նման միջոցառումների դերը գիտության զարգացման քաղաքականություն մշակելու գործում՝ նշելով. «Կոմիտեն, որպես պետական մարմին, կարեւորում է տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը, քանի որ խնդիրները, որոնք դրված են մեր առջեւ, մշտապես առնչվում են այնպիսի կառույցների հետ, ինչպիսին է Տրանսֆեր տեխնոլոգիաների ասոցիացիան: Հենց այդ նպատակով էլ որոշվել է կոմիտեի եւ ասոցիացիայի միջեւ կնքել պայմանագիր, որպեսզի համագործակցությունը լինի իրավական դաշտում եւ կրի պաշտոնական բնույթ...»:

 

Քննարկումների ավարտին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Տեքնոլոջի տրանսֆեր» ասոցիացիայի» միջեւ կնքվեց համագործակցության մասին համաձայնագիր:

 

Համաձայնագիրը ստորագրեցին Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ «Տեքնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիայի» խորհրդի նախագահ Միքայել Աբովյանը:

 

Համաձայնագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում ինովացիոն գործունեության, գիտական հետազոտությունների եւ նոր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունների, առեւտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների հայտնաբերմանը, վերհանել գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացման եւ նոր տեխնոլոգիաների ստեղծման ու ներդրման բնագավառում ոլորտի զարգացման խոչընդոտները և ոլորտը խթանելու ներդրումները:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին