ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը

09.01.2025

Խորը ցավով հայտնում ենք, որ 2025 թվականի հունվարի 7-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Աղասու Թավադյանը։

Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը ընդգրկել է քիմիայի ոլորտի  մի շարք կարևոր ուղղություններ՝ քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում։ Նա հեղինակն է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղության, նաև «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:

Լևոն Թավադյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին՝ Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1978 թվականին ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (ք. Մոսկվա) ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1987 թվականին՝ քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1974թ.-ին սկսելով աշխատանքային գործունեությունը ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում՝ 1985-2006 թվականներին աշխատել է որպես գիտության գծով փոխտնօրեն, ղեկավարել լաբորատորիա, որը ստեղծվել էր նոր գիտական ուղղության՝ կոնդենսացված միջավայրում ազատ ռադիկալային ռեակցիաների, զարգացման նպատակով: 2006-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։

2011 թվականին Լևոն Թավադյանն ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության:

Գիտամանկավարժական բեղուն գործունեությանը զուգահեռ՝ Լևոն Թավադյանն արդյունավետ մասնակցություն է ունեցել ոլորտային խորհուրդների և հանձնաժողովների աշխատանքներում,  եղել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հանձնաժողովի, Ամերիկյան քիմիական ընկերության, Մոսկվայի պետական համալսարանի և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ, Հայաստանում քիմիայի բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համակարգող:

2011 թվականին Լևոն Թավադյանին շնորհվել է ՀՀ գիտության պետական կոմիտեի Ոսկե մեդալ, «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի  հիշատակի» շքանշան, 2012 թվականին դարձել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մրցույթի դափնեկիր: 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2014 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն բարձր է գնահատում անվանի գիտնականի ներդրումը Հայաստանի Հանրապետության գիտության  զարգացման գործում և հայտնում է իր անկեղծ վշտակցությունը Լևոն Թավադյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Ակադեմիկոս  Լևոն Թավադյանի անունը երկար տարիներ կապված կլինի Հայաստանի Հանրապետությունում քիմիական գիտության նվաճումների և զարգացման հետ:

Լևոն Թավադյանի  հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: