Հանդիպումներ Մոսկվայում
Մարտի 25-27-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացման աջակցություն» հիմնադրամի հրավերով մեկնել էր Մոսկվա:
Հիմնադրամի տնօրենի խորհրդական Ի. Բորտնիկի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՌԴ ԻԱՀ - 2016» համատեղ մրցույթի արդյունքները՝ առանձնահատուկ ընդգծելով համագործակցության արդյունավետությունը: Սամվել Հարությունյանն առաջարկել է ընդլայնել համագործակցության շրջանակները՝ համաֆինանսավորման սկզբունքով Հայաստանում տպագրվող «Դպրոցականի ուղեցույց» գիտահանրամատչելի շտեմարանների համատեղ տպագրության իրականացում՝ այդ շտեմարանները ռուսաստանյան դպրոցականներին հասանելի դարձնելու նպատակով: Ի. Բորտնիկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՌԴ ԻԱՀ» համատեղ մրցույթի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով 2 տարին մեկ անգամ համատեղ կոնֆերանս կազմակերպելու վերաբերյալ: Առաջարկվել է «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացման աջակցություն» հիմնադրամի հետ համատեղ առաջին կոնֆերանսը կազմակերպել 2018 թ. հունիս-հուլիս ամիսներին, Ծաղկաձորում:
Մոսկվա այցի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ունեցել է մի շարք այլ հանդիպումներ: Մարտի 25-ին պարոն Հարությունյանը հանդիպել է BRICS անդամ երկրների կոորդինացիոն խորհրդի անդամ Ֆ. Դեդուչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է BRICS-ի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցը:
Նույն օրը Ս. Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ կրթության և գիտության փոխնախարար Գ. Տրուբնիկովի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցային գիտահետազոտական ծրագրերի մեջ ՀՀ ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ հարցեր:
Մարտի 25-ին Մոսկվայի պետական համալսարանի գիտական պարկի տնօրեն Օ. Մովսիսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի պետական համալսարանի տեխնոպարկի ստեղծման և այդ նպատակով Մոսկվայի պետական համալսարանի գիտական պարկի կողմից աջակցություն ստանալու հնարավորությունը:
Մարտի 26-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն այցելել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմ: Թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը գոհունակություն է հայտնել 2016 թ. կայացած «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀԱՍԵ ՌՆՆԹ 2016» մրցույթի բարձր որակի կապակցությամբ և ցանկություն հայտնել շարունակելու համագործակցությունն ինչպես տվյալ մրցույթի շրջանակներում, այնպես էլ համատեղ գիտաժողովների, սեմինարների և արխիվներում ուսումնասիրություններ կատարելու նպատակով արխիվագետների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման կազմակերպման հարցերում: Զրույցի ընթացքում Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայացրել է Թեմի մտադրությունները Մոսկվայում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի հովանու ներքո հայկական գիմնազիայի հիմնադրման վերաբերյալ: Նա առաջարկել է, որ Գիտության պետական կոմիտեն ակտիվ մասնակցություն ունենա գիմնազիայի հիմնադրման և կայացման գործընթացին՝ ուսումնական ծրագրերը կազմելու և համապատասխան մասնագետներ գործուղելու հարցերում:
Մարտի 26-ին Ս. Հարությունյանը հանդիպել է «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի փոխտնօրեն Մ. Պոպովի հետ: Հանդիպման ընթացքում Մ. Պոպովը ներկայացրել է ինստիտուտում իրականացվող գիտական ծրագրերը, մասնավորապես, XFEL (Ազատ էլեկտրոնների ռենտգենյան լազեր) եվրոպական գիտական ծրագիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանից XFEL ծրագրերում երիտասարդ գիտական կադրերի ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ: Այդ նպատակով «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնը պատրաստակամություն է հայտնել ապահովելու հայաստանյան կադրերի վերապատրաստումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: