ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ

21.06.2024

Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդիպել են ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ:

ՀՀ պատվիրակության կազմում է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Հանդիպումների առանցքում եղել են կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության նոր հեռանկարները և զարգացման հարցերը:

ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում Երևանում կայանալիք Հայաստան-Գերմանիա «Գիտության օր» միջոցառման անցկացումը, որի շրջանակում նաև գերմանական մեծ պատվիրակության ժամանում է ակնկալվում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը՝ շեշտելով համատեղ աշխատանքի ակտիվացումը երիտասարդներին ուղղված ծրագրերում:

Ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթության կարևորությանը խաղաղության արժեքների տարածման հարցում:

«Կրթական համակարգերը պետք է լավագույնս նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը՝ չգեներացնելով հավելյալ թշնամանք: Խաղաղությանը միտված կրթությունը պետք է ընդհանուր մոտեցում լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ հանդիպմանը կարևորվել է հայ-գերմանական համագործակցության բարձր մակարդակը: Փոխնախագահը հետաքրքրվել է կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերով:

Նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հիմնական ուղղությունները և համատեղ աշխատանքները: