ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում

25.05.2009

Մայիսի 22-ին գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այցելեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ՝ մասնակցելու գիտության պետական կոմիտեի առաքելությանն ու գործունեությանը նվիրված սեմինարին: Պարոն Հարությունյանը ներկաներին ծանոթացրեց կոմիտեի նպատակներին ու խնդիրներին, կանոնադրությանը, կոմիտեի ստեղծման օրվանից մշակած և արդեն կառավարության կողմից ընդունված որոշումներին և այլն: Այնուհետ Ս. Հարությունյանը խոսեց հետազոտական համալսարանների ձևավորման սկզբունքների ու չափանիշների մասին որոնց մշակման ուղղությամբ  կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում կոմիտեում՝ նշելով, որ հետազոտական համալսարանների հիմնումը օրախնդիր է այսօրվա դրությամբ առկա հսկայական գիտական պոտենցիալը վերարտադրելու, միջազգային գործընթացներին արագ ինտեգրվելու համար: Նա նշեց, որ գիտահետազոտական համալսարանների ստեղծումը խիստ անհրաժեշտ է նաև ՀՀ ԳԱ ակադեմիայի համար առավել օպտիմալ ռեժիմ ապահովելու համար՝ ընդգծելով այդ կառույցի դերը հետազոտական համալսարանների ստեղծման գործում:

 

Հանդիպման վերջում խոսվեց կոմիտեի ու հիմնադրամի համագործակցության մասին: Ս. Հարությունյանը նշեց, որ «Նորավանքը» հետաքրքիր առաքելություն ունի՝  կապված գիտակրթական գործունեության իրականացման հետ, և նրա  գործառույթներից շատերը խիստ համահունչ են և կարող են լրացնել կոմիտեի գործունեությանը: Դրանից ելնելով՝ կոմիտեի ու հիմնադրամի միջև հավանական են ավելի սերտ ու գործնական հարաբերություններ՝ պետական բյուջեի շրջանակներում տրվող պատվերների, կնքվելիք պայմանագրերի ձևով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին