ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սամվել Հարությունյանն ընդունեց Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությանը

08.12.2016

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությանը:

Կոմիտեի նախագահը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների կողմից Հայաստանի ինովացիոն զարգացման արդյունավետ զեկույց պատրաստելու համար: Նա կարևորեց  Հայաստանի գիտաինովացիոն համակարգի վերաբերյալ արտաքին բարձր վարկանիշ ունեցող փորձագետների կարծիքը, որը մշտապես հաշվի է առնվում ոլորտում քաղաքական քայլերի մշակման և ներդրման մեջ:

Պարոն Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում գիտության ոլորտում իրականացված աշխատանքները, խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Կոմիտեի նախագահը հատուկ անդրադարձավ վերջին տարիներին կոմիտեի կողմից իրականացվող միջազգային համագործակցության արդյունքներին` նշելով, որ 2008-2016 թթ ընթացքում կնքվել են ավելի քան 35 միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր:

Հյուրերին ինովացիոն բնագավառում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև միջազգային ֆոնդերի հետ տարվող աշխատանքների մասին ներկայացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Նա հատուկ անդրադարձավ: Բորտնիկի հիմնադրամի հետ կնքված պայմանագրին, IDEA հիմնադրամի հետ նախատեսվող համագործակցության ծրագրերին, ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի  անդամակցությունից ակնկալվող արդյունքներին: Պարոն Սահակյանը  ներկայացրեց նաև կոմիտեի կողմից հայտարարվող կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների ընտրության մրցույթների պահանջներին:

Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել ակտիվ համագործակցությունը և նշեցին, որ 2018 թ.-ին նախատեսվում է կրկին իրականացնել Հայաստանի ինովացիոն ոլորտի զարգացման ուսումնասիրություն: Պարոն Հարությունյանը ևս փաստեց, որ ոլորտի արտաքին գնահատականի պարբերական լինելը զգալիորեն կնպաստի գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն բնագավառների զարգացմանը:

Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայաստանի գիտաինովացիոն զարգացմանը նվիրված գիտաժողովին մասնակցելու  կապակցությամբ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին