ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԳՏԿ-ն կֆինանսավորի հայկական 3 ծրագիր

09.06.2014

Հունիսի 3-5-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.  Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) աշխատանքային հանդիպմանը, ինչպես նաև ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի և համակարգողների կոմիտեի 59-րդ նստաշրջանների աշխատանքներին: Նիստերի ժամանակ տեղի են ունեցել քննարկումներ «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի լրամշակված նախագծի, ՄԳՏԿ 2013 թ. բյուջեի ամենամյա հաշվետվության, ինչպես նաև ՄԳՏԿ 2014 թ. բյուջեի վերաբերյալ:

 

ՄԳՏԿ աշխատանքային հանդիպման շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում գիտության և տեխնոլոգիաների զարգացման արդի իրավիճակին և ակնկալվող հեռանկարներին նվիրված հարցեր: Քննարկումների ժամանակ Ս. Հարությունյանը հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանում հետազոտությունների և մշակումների ոլորտներում բարեփոխումները» թեմայով: Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ով ներկայացրել է  Հայաստանի գիտության ներկա կարգավիճակը և գիտական քաղաքականության առաջնահերթությունները:

 

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 59-րդ նստաշրջանի ընթացքում ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտում իրականացվող զգալի բարեփոխումներին: Ռ. Լեմանը հատկապես բարձր է գնահատել հայկական գիտական ներուժի ներդրումը ՄԳՏԿ կողմից իրականացվող ծրագրերում:

 

 59-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել նաև «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի լրամշակված նախագծի քննարկումը և նախաստորագրումը: ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը՝ որպես համաձայնագրի լրամշակող կողմի ներկայացուցիչ, մասնակցել է համաձայնագրի նախագծի նախաստորագրմանը:

 

ՄԳՏԿ կողմից 2014 թվականին դրամաշնորհի համար ներկայացված են եղել թվով 18 գիտական ծրագրեր՝ որոնցից ֆինանսավորման են երաշխավորվել 10-ը: Հայաստանի կողմից ներկայացված 3 գիտական նախագծերը (ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ)  երաշխավորվել են ֆինանսավորման՝ 414 135 եվրո և 180 000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով: Ֆինանսավորման են երաշխավորվել 2-ական գիտական նախագծեր՝ ներկայացված Վրաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի և 1 գիտական նախագիծ՝ Ղազախստանի կողմից: Հայկական նախագծերի  իրականացման համար կհատկացվի ընդհանուր բյուջեի մոտ մեկ երրորդը:

 

Նստաշրջանի ընթացքում առաջարկվել է ՄԳՏԿ շրջանակներում այսուհետ ֆինանսավորել միայն այն ծրագրերը, որոնք համապատասխանում են Կենտրոնի կողմից որոշված հետևյալ գերակայություններին.

1. Բժշկական գիտություններ,

2. Գյուղատնտեսական գիտություններ,

3. Էկոլոգիական անվտանգություն,

4. Ջրային ռեսուրսներ,

5. Կենսավառելանյութ և էներգետիկ անվտանգություն,

6. Նոր նյութեր,

7. Տիեզերք և տիեզերքի ուսումնասիրություն: