Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը 80 տարեկան է

Փետրվարի 16-ին լրանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է վաստակաշատ գիտնականի պատվին Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված միջոցառմանը և հանդես եկել նրան ուղղված մեծարման խոսքով:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիրն է: Նրա անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ Հայաստանում և արտերկրում կատարվել են գիտական բազմաթիվ հայտնագործություններ, մշակվել են մի շարք նոր գիտահետազոտական մեթոդներ և գիտական սարքավորումներ: Ալպիկ Մկրտչյանի կողմից կատարված գիտական հետազոտությունների հիման վրա ձևավորվել և ինտենսիվ զարգանում է ֆիզիկայի նոր բնագավառ` ակուստաֆիզիկան: Նա գիտական ղեկավար է եղել բազմաթիվ մեծածավալ միջազգային դրամաշնորհների, ակտիվորեն զբաղվում է արտասահմանյան երկրների հետ գիտաարտադրական կապերի ստեղծման և զարգացման հարցերով:
Ալպիկ Մկրտչյանը անգնահատելի ավանդ ունի նաև գիտամանկավարժական և գիտակազմակերպչական աշխատանքներում, հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների, հեղինակային իրավունքների և մենագրությունների:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին