ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջուկային քրեագիտության փորձաքննության հայ-ամերիկյան համատեղ նիստ Երևանում

18.10.2017

Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց Հայաստանում Միջուկային քրեագիտության փորձաքննության բնագավառի զարգացման վերաբերյալ նիստը, որը կազմակերպվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Նիստին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով: Պարոն Հարությունյանը ողջունեց ներկաներին՝ շեշտելով միջոցառման կարևորությունը թե՛ գիտական կապերի ամրապնդման, թե՛ պետական անվտանգության տեսանկյուններից: Կոմիտեի նախագահը ներկայացրեց 2017 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի մանրամասները, որով ստեղծվել է Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիա: Նա նշեց, որ Հուշագրի ստորագրման համար հիմք էին հանդիսացել 2017 թվականի փետրվարի 22-23-ը Վաշինգտոնում միջուկային փորձաքննության հայաստանյան և ամերիկյան փորձագետների միջև կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած բանակցությունները: Կոմիտեի նախագահը ներկայացրեց նշված լաբորատորիայի հետագա գործունեության հետ կապված հարցեր:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև միջուկային ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության բնագավառներում իրականացվող գիտական և գիտակրթական աշխատանքների համատեղման, նշված բնագավառներում Հայաստանում իրականացվող հետազոտությունների համակարգման, դրանց արդյունավետության ու միջազգային ճանաչելիության մակարդակի բարձրացման,  միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու և այդպիսի միջադեպերի արձագանքմանն ուղղված աշխատանքների մասնակցության, կադրերի պատրաստման և վերապատրաստման, այդ թվում` մագիստրոսական և ասպիրանտական, կրթական ծրագրերի մշակման և ներդրման, ինչպես նաև՝ միջուկային փորձաքննության միջազգային տեխնիկական աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցության հարցերը:

Նիստում քննարկված հարցերը և առաջարկները կամփոփվեն հոկտեմբերի 19-ին:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե