ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտաժողով ԵՊԲՀ-ում

20.11.2014

Նոյեմբերի 19-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվել էր գիտաժողով «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով: Գիտաժողովը նվիրված էր թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր հղել նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը.

Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, հրավիրյալնե՛ր և  հյուրե՛ր,

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և իմ անունից ողջունում եմ Ձեզ և շնորհավորում բոլորիս այս կարևոր գիտաժողովի կապակցությամբ:

Գիտաժողովի խորագիրը, հոբելյանը, որին այն նվիրված է` Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակը, և զեկույցները Հայաստանի բժշկական գիտությունների փայլուն անցյալի ու ներկայի ցայտուն վկայություններն են, և հուսով եմ՝ նաև ապագայի գրավականը:

Բժշկական գիտություններն այն բնագավառների շարքում են, որոնք առանձնանում են կայացած ու միջազգային լայն ճանաչում ունեցող գիտական դպրոցներով, ներկայումս իրականացվող հետազոտությունների և միջազգային համագործակցության բարձր մակարդակով: Բնագավառի կազմակերպությունները, գիտահետազոտական խմբերը և գիտաշխատողները հաճախ հաղթող են հանդիսանում Գիտության պետական կոմիտեի կողմից կազմակերպվող մրցույթներում: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ներկայումս իրականացվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման 8 ծրագրեր, որոնցից 2-ը` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, իսկ 6-ը` ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպություններում: Բացի դրանցից,  պետական աջակցությամբ տեղի է ունենում նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ ձեռք են բերվում ժամանակակից գիտական սարքեր և սարքավորումներ, կատարվում են նաև մի շարք կարևորագույն գիտական թեմաներ:

Ինձ համար ուրախալի է, որ վերոնշյալ ծրագերի և թեմաների ընտրությունը կատարվում է Գիտության պետական կոմիտեի և բժշկական գիտությունների բնագավառի ներկայացուցիչների սերտ և փոխշահավետ համագործակցությամբ:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ կհաջողվի պահպանել հայ բժիշկ-գիտնականների բարձր վարկանիշը՝ բժշկագիտությունը ծառայեցնելով Հայաստանի զարգացման ռազմավարական խնդիրների լուծմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ գիտաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ:

 Ս.  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»: