Կյանքից հեռացել է Վլադիմիր Բարխուդարյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 23-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:
Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Աղքյորփի գյուղում։ 1950 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։
1955 թվականից Վլադիմիր Բարխուդարյանն աշխատանքի է անցել Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ որպես կրտսեր գիտական աշխատող։ 1958-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում` 1967-1990 թթ.`զբաղեցնելով փոխտնօրենի, 1980-1987 թթ.՝ հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչի պաշտոնները։
Վլադիմիր Բարխուդարյանը 1990-2005 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 2000-2006 թթ.`ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 2005-2006 թթ.՝ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2006-2011 թթ. հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2011-ից` ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական։
Վաստակաշատ գիտնականի հիմնական աշխատությունները վերաբերում են հայ գաղթավայրերի պատմությանը, հայ-ռուսական հարաբերություններին, հայոց պատմագրությանը: Նա մասնակցել է հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը, հեղինակել և գլխավորել է հայ ժողովրդի պատմության դպրոցական դասագրքերի ստեղծման աշխատանքները: Վլադիմիր Բարխուդարյանը երկար տարիներ նաև Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ է եղել: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:
Ականավոր պատմաբանը պարգևատրվել է ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշաններով, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, Հունգարիայի ԳԱ մեդալով: 2003 թ. Վ. Բարխուդարյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
Գիտության պետական կոմիտեն ցավակցում է Բարխուդարյանների ընտանիքին և հարազատներին: Կոմիտեն բարձր է գնահատում Վլադիմիր Բարխուդարյանի գիտակազմակերպչական գործունեությունը և հայ պատմագիտության զարգացման գործում նշանակալի ավանդը:
Վլադիմիր Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե