ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Այցելություն Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

23.10.2017

Հոկտեմբերի 20-ին  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գյումրի` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների  կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական  կոմիտեի ֆինանսավորմամբ Շիրակում իրականացվող գիտահետազոտական թեմաների արդյունքներին ծանոթանալու նպատակով:

Շիրակի հայագիտական հետազոտությունների  կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ա. Խաչատրյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռ. Սանոյանը, ԳԱԱ հումանիտար և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յու. Սուվարյանը, ԳԱԱ արվեստի, արևելագիտության, գրականության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների տնօրեններ և բուհերի ռեկտորներ, դասախոսներ, մտավորականներ:

Գիտության պետական կոմիտեի նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Կենտրոնի տնօրեն Սերգո Հայրապետյանը պարգևատրվել է Գյումրու քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով, իսկ Կենտրոնի գիտաշխատողները` ԳԱԱ նախագահության, Շիրակի մազպետարանի և Գյումրու քաղաքապետարանի գովեստագրերով, պատվոգրերով և շնորհակալագրերով: 

Միջոցառումից հետո պարոն Հարությունյանը  ծանոթացել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական թեմաների հայտերի «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր - 2015» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 5 ծրագրերի արդյունքներին:

Ծրագրերից երկուսն իրականացվել է Շիրակի հայագիտական հետազոտությունների  կենտրոնում, երկուսը` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում,  մեկը` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ծրագրերի ցանկը):

Նիստի ընթացքում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող խմբերի ղեկավարները հակիրճ ներկայացրել են ուսումնասիրվող թեմաները՝ ընդգծելով դրանց կարևորությունն ու արդիականությունը, պատասխանել են ներկաների հարցերին: Քննարկվել են նաև գիտության ոլորտին վերաբերող այլ հարցեր, կատարվել առաջարկներ:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը տեղեկացրել է, որ Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության նպատակով 2018 թ. կոմիտեն նոր մրցույթ կհայտարարի: