ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվել են ինովացիոն համագործակցության հարցեր

12.11.2010

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստին:

 

Ս. Հարությունյանը հանդես է եկել  «Գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն գործունեության բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի ու ԱՊՀ այլ երկրների համագործակցության հեռանկարները» թեմայով զեկուցումով՝ հայկական կողմից ներկայացնելով նիստի օրակարգի հիմնական հարցը:

 

Նա անդրադարձել է Գիտության պետական կոմիտեի գործունեությանը,  Հայաստանում գիտության եւ տեխնիկայի զարգացման 2010-14 թթ. գերակայություններին, ԱՊՀ երկրների եւ ՌԴ-ի հետ գիտատեխնիկական համագործակցության զարգացման ռազմավարությանը, ինչպես նաեւ մինչեւ 2020 թ. ԱՊՀ մասնակից երկրների ինովացիոն համագործակցության միջկառավարական նպատակային ծրագրում ընդգրկելու համար Հայաստանից ներկայացված նախագծերին, «Քենդլ» կենտրոնի եւ Ռադիոնուկլիդների արտադրության եւ իոնային արագացուցիչների համալիրի ստեղծման ծրագրերին:

 

Նիստի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովն  ընդունել է արձանագրություն, որում ամրագրված են կողմերի քննարկած հարցերը ինովացիոն ոլորտը կարգավորող իրավական դաշտ ստեղծելու,  երկու երկրների  միջեւ ինովացիոն համագործակցության, համատեղ գիտատեխնիկական  կենտրոնների ստեղծման ու համատեղ ծրագրերի իրականացման եւ այլնի վերաբերյալ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին