ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը

16.09.2009

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ներկայացվեց ԳԱԱ հետ համատեղ մշակված ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Ա. Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ներկայացուցիչներ նախարարություններից, գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններից:

Ողջունելով հյուրերին՝ կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մանրամասն ներկայացրեց ռազմավարության նախագիծը՝ գիտության ոլորտի ներկա վիճակը, ոլորտում առկա հիմնախնդիրները, ձեւակերպված հեռանկարային թիրախները եւ դրանց հասնելու մարտավարությունը: 

Պարոն Հարությունյանը նշեց, որ ռազմավարությունը հիմք է հանդիսանալու ոլորտի զարգացման 2011-2015 եւ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրերը մշակելու համար: Այդ ծրագրերն իրականացվելու են կառավարության, մասնավոր սեկտորի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ սփյուռքի ջանքերի զուգակցմամբ:

Իր ելույթում ՀՀ ԿԳ փոխնախարար Ա. Ավետիսյանը մասնավորապես նշեց՝ «Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ այս անգամ քննարկումն այսքան ներկայացուցչական է, ինչը արդյունքն է այս փաստաթուղթը միասին պատրաստելու, միասին լրամշակելու ուղղությամբ արված երկկողմանի հանդիպակաց  քայլերի... Կարծում եմ փաստաթուղթը փոքրիկ, մանր շտկումներով պետք է ընդունենք եւ ներկայացնենք կառավարության հաստատմանը, բայց սա պարտավորություն պետք է առաջացնի, որպեսզի հետագայում մշակվելիք ծրագրերի վրա աշխատենք համատեղ՝ ավելի կոնկրետ եւ ավելի իրատեսական ծրագրեր կազմելու նպատակով»:

Հանդիպման ավարտին որոշվեց եւս մեկ շաբաթ հատկացնել գիտական կազմակերպություններին՝ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար, որից հետո նախագիծը բոլոր ընդունելի առաջարկություններով կամփոփվի եւ կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին