Ալեքսեյ Սիսակյանի հիշատակին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը մասնակցեց ՄՀՄԻ նախկին տնօրեն, ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի հիշատակին նվիրված նիստին, որը կազմակերպվել է սեպտեմբերի 1-5-ին ICTP-ի (International Center for Theoretical Physics) աջակցությամբ ՀՀ ԳԱԱ-ում անցկացվող «Օպտիկան և դրա կիրառությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Նիստի մասնակիցները ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի, ինչպես նաև նրա հոր՝ աշխարհահռչակ գիտնական, կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ:
Իր ելույթում Ս. Հարությունյանն ընդգծեց Ալեքսեյ Սիսակյանի դերը ոչ միայն որպես հայտնի տեսաբան-ֆիզիկոս, այլև՝ գիտության և միջազգային գիտական համագործակցության խոշորագույն կազմակերպիչ: Ա. Սիսակյանը 2006-2010 թթ եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենը, և իր ղեկավարած ինստիտուտի օժանդակությամբ մեծ ներդրում է ունեցել Հայաստանում միջուկային ֆիզիկայի զարգացման գործում: Ալեքսեյ Սիսակյանի ջանքերով են այսօրվա հայ ֆիզիկոսներից շատերը հնարավորություն ստացել աշխատելու ՄՀՄԻ-ի եզակի սարքավորումներով, նրա անմիջական ղեկավարությամբ ԵՊՀ-ի և ԵրՖԻ-ի տասնյակ աշխատակիցներ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական աշխատանքներ:
Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տրուբնիկովն իր զեկույցում արժևորեց մեծ գիտնականի ներդրումը հայ և ռուս ֆիզիկոսների սերտ համագործակցության հաստատման և համատեղ արդյունավետ հետազոտությունների իրականացման գործում: Նա նշեց, որ Դուբնայում հաջողությամբ ընթանում են Ա. Սիսակյանի մտահղացմամբ NICA միջուկային արագացուցչի ստեղծման աշխատանքները, և որ այդ արագացուցիչը կդառնա մեծ գիտնականի լավագույն հիշատակը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին