Ամփոփվեցին եռօրյա գիտաժողովի արդյունքները
2010 թվականի մայիսի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախաձեռնությամբ Ջերմուկում կազմակերպվեց «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող գիտաժողովը:
Այն կազմակերպվել էր Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հետ համատեղ: Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանը:
Մայիսի 8-ին գիտաժողովի աշխատանքներին միացան ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարը, կարեւորելով նման գիտաժողովների դերը գիտության զարգացման հիմնախնդիրների քննարկման, ինչպես նաեւ երկրում հասարակական երեւույթների զարգացման գործընթացներում, նշեց, որ այս գիտաժողովի նպատակն է վեր հանել գիտության ոլորտում առկա խնդիրները եւ միասին գտնել դրանց լուծումների հնարավոր տարբերակները:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ողջունեց մասնակիցներին եւ կոչ արեց ակտիվորեն մասնակցել գիտաժողովի աշխատանքներին: «Այս գիտաժողովի ընթացքում նպատակ ունենք գիտական հանրության հետ քննարկել մեր դիտարկումները ՀՀ-ում գիտության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ, լսել գիտնականների առաջարկները, ինչու չէ, նաեւ դիտողությունները»,- ընդգծեց պարոն Հարությունյանը:
Գիտաժողովին մասնակցում էին պետական կառավարչական հիմնարկների ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենններ, բուհերի ղեկավարներ, գիտնականներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի աշխատանքները տեւեցին 3 օր, լիագումար նիստերում լսվեցին զեկույցներ՝ գիտության զարգացման ռազմավարության, գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթների մասին, եղան բազմաթիվ ելույթներ:
Գիտության զարգացման ռազմավարության նախագիծը գիտաժողովում ներկայացրեց կոմիտեի նախագահը: Իր զեկույցում պարոն Հարությունյանն անդրադարձավ կոմիտեի կողմից գիտության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներին, ներկայացրեց կոմիտեի կողմից իրականացված վերլուծությունները, որոնք մանրամասն նկարագրում էին գիտության ոլորտի ներկա վիճակը, առկա հիմնախնդիրները:
Մասնավորապես նշեց. «2009 թվականի պետական բյուջեում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով հատկացումները 2001 թվականի համեմատությամբ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2008-2009 թվականներին միջազգային դրամաշնորհներով իրականցվել է տարեկան 20 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող ավելի քան 50 գիտական ծրագիր, որոնց ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմել են տարեկան շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Հանրապետության գիտական եւ գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվում է շուրջ 17 հազար մարդ, այդ թվում՝ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական ծրագրերում եւ թեմաներում ընդգրկված է շուրջ 7.5 հազար գիտնական եւ գիտական աշխատող: Ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի եւ թեմաների մրցութային եւ ծրագրային ֆինանսավորման համակարգը: 2009 թվականին պետական բյուջեի ֆինանսավորմամբ 116 գիտական եւ գիտակրթական կազմակերպություններում իրականացվում են նպատակային-ծրագրային հետազոտությունների 6, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման 86, հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների 85, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանության 3 ծրագրեր եւ պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների 710 թեմաներ: Կատարելագործվել է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության օրենսդրական եւ նորմատիվ-իրավական դաշտը: Պետական գիտական կազմակերպությունների տնտեսական եւ այլ ծախսերը 2009 թվականի պետական բյուջեով ավելի քան կրկնապատկվել են:
Գիտության պետական կոմիտեի ջանքերով աշխատանքներ են տարվել նաեւ գիտության ոլորտի երիտասարդացման քաղաքականության շրջանակներում. 2008-2009 թվականներին կազմակերպվել է 4 երիտասարդական ամառային դպրոց, որին մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ գիտնական եւ ասպիրանտ: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ապահովվել է երիտասարդ գիտնականների եւ ասպիրանտների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին: Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի եւ ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի հետ համատեղ 2009 թվականի սեպտեմբերին «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2009»-ի շրջանակներում հայտարարվել է երիտասարդ գիտաշխատողների համատեղ մրցույթ, որի արդյունքում ֆինանսավորվել է 26 գիտական ծրագիր: Ընդհանուր առմամբ 2008-2009 թվականներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ ապահովվել է բարձր վարկանիշ ունեցող 20 գիտնականի մասնակցությունը միջազգային գիտաժողովների, սեմինարների եւ խորհրդակցությունների աշխատանքներին: Պետական աջակցություն է ստացել հանրապետությունում կազմակերպված միջազգային նշանակության 25 գիտաժողով:
2008-2009 թվականներին ստեղծվել է անկախ գիտական փորձաքննության համակարգը, որում հանրապետությունից եւ օտարերկրյա պետություններից ընգրկվել է շուրջ 1200 գիտնական:
2008 թվականից առանձնակի ուշադրություն է դարձվել հայագիտությանը: Մասնավորապես, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) եւ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տնտեսական ծախսերի ավելացման հետ մեկտեղ ավելի քան 40% ավելացվել է մեկ հաստիքի հաշվարկով միջին աշխատավարձը:
Գիտական որոշ ուղղություններ իրենց ուրույն տեղն ունեն միջազգային գիտական եւ գիտակրթական տարածքում, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը: 2008-2009 թվականներին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից ստորագրվել են գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ոլորտում համագործակցության հուշագրեր եւ համաձայնագրեր. մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հիմնարար հետազոտությունների հիմնադրամի, Ֆրանսիայի Հանրապետության գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ»:
Պարոն Հարությունյանն ընդգծեց, որ չնայած գիտության ոլորտում ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, սակայն ոլորտի արմատական բարեփոխումների ձգձգումը հանգեցրել է նաեւ բազմաթիվ խնդիրների. մասնավորապես՝ խզված է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-ինովացիոն գործունեություն կապը, հետազոտություններում առկա են թեմատիկ կրկնությունները, փոշիացվում են պետական սուղ միջոցները, անարդյունավետ է օգտագործվում գիտական ներուժը եւ այլն: Շեշտվեց, որ վերոնշյալ եւ այլ բազմաթիվ հիմնախնդիրները լուծելու, ինչպես նաեւ ունեցած ձեռքբերումները պահպանելու եւ զարգացնելու համար ռազմավարության մեջ սահմանվել է գիտության ոլորտի զարգացման տեսլականը, ձեւակերպվել են իրականացվելիք առաքելությունները, ընտրվել են հեռանկարային թիրախները եւ դրանց հասնելու մարտավարությունները:
Հետաքրքրական եւ հանգամանալից էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանի զեկույցը. նա ներկայացրեց գիտության ոլորտի ֆինասնավորման նոր կարգերը, դրանց ներդրմամբ ակնկալվող արդյունքները: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը նշեց. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ) և նպատակային-ծրագրային ֆինանսավորման նոր կարգերի ընդունումը թույլ կտա ներդնել գիտական ծրագրերի և թեմաների ֆինանuավորման այնպիuի մեխանիզմներ, որով կբացառվի պետության կողմից հատկացվող միջոցների փոշիացումը: Պահպանելով ֆինանuավորման բազմաձևությունը, ֆինանսավորումը պետք է իրականացվի բացառապեu մրցութային կարգով, ծրագրային հիմնավորման uկզբունքով և հաuցեագրված:»:
Հետաքրքիր քննարկումներ եղան «Գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթների մասին» թեմայի շուրջ: Գիտական աստիճանաշնորհման նոր համակարգի մասին զեկույցով հանդես եկավ կոմիտեի նախագահը: Նա ներկայացրեց թվային տվյալներ 1994-2008 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի վկայագիր ստացածների եւ գիտության մեջ նրանց ընդգրկվածության, ըստ տարիների հանրապետության գիտնականների եւ գիտական աշխատողների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրապարակված եւ միջազգային առաջատար գիտատեղեկատվական կայքերում ընդգրկված հոդվածների քանակի վերաբերյալ:
Գիտաժողովի վերջին օրը կազմակերպվեց կլոր սեղանի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցադրումներ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ձեւավորման, գիտական ամսագրերի, ինչպես նաեւ գիտական աստիճամաշնորհման երկաստիճան համակարգի վերաբերյալ: Գիտաժողովի մասնակիցները նշված հարցերի մասով ներկայացրեցին իրենց կարծիքները եւ առաջարկները: Կոմիտեի նախագահը խոստացավ քննարկել եւ ՀՀ ԿԳ նախարարին ներկայացնել գիտաժողովում ամփոփված առաջարկները:
Գիտաժողովի մասնակիցների համար կազմակերպվեց նաեւ մշակութային ծրագիր՝ այցելություններ Կեչուտի ջրամբար եւ Ջերմուկի տեսարժան վայրեր:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին