Մասնակցություն Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 23-րդ նիստին
2018 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Մինսկում մասնակցել է Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 23-րդ նիստի աշխատանքներին:
Նիստի ընթացքում քննարկվել են Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, միջպետական պիլոտային ինովացիոն ծրագրերի կատարման հետ կապված մյուս հարցերը: Հաստատվել է նաև ԱՊՀ անդամ-պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի (մինչև 2030 թ.) շրջանակներում 2021-2023 թվականներին իրականացվելիք միջոցառումների ու նախագծերի ցանկը:
Քննարկվել են երիտասարդ գիտնականներին աջակցության ուղղությամբ Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի քաղաքականությունը, 2019 թ. գիտատեխնիկական համագործակցության ոլորտում ԱՊՀ միջոցառումների ցանկը, գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության հարցերով Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունը և այլ հարցեր:
Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2019 թ. գարնանը Ռուսաստանի Դաշնությունում: