ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվել են ԱՊՀ գիտատեխնիկական համագործակցության հարցեր

30.04.2019

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ապրիլի 23-25-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 24-րդ նիստի աշխատանքներին:

Նիստին կոմիտեի նախագահը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում գիտության և ինովացիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և նշված ոլորտների կայուն զարգացումն ապահովելու քայլերին նվիրված զեկույցով: Ելույթում պարոն Հարությունյանն առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանում անկախ փորձաքննական համակարգի ներդրման գործընթացին. մանրամասն ներկայացրել է համակարգի սկզբունքները և բուն կանոնակարգը՝ նշելով, որ հայտերն անցնում են կրկնակի փորձաքննություն Հայաստանում և արտերկրում, իսկ ամբողջ գործընթացն իրականացվում է առցանց (online):

Միջպետական խորհրդի անդամներին ներկայացվել են նաև Հայաստանում գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման և տարակարգման սկզբունքները ու չափանիշները: Գիտության կոմիտեի նախագահը ներկայացրել է համակարգի սկզբունքներն ու առավելությունները, որից հետո ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել իրենց երկրներում կիրառելու նպատակով ուսումնասիրել համակարգը:

Նիստի ժամանակ կոմիտեի նախագահն առաջարկել է ստեղծել ԱՊՀ անդամ պետությունների անկախ փորձաքննական միացյալ համակարգ՝ Հայաստանի անկախ փորձաքննական համակարգի հենքի վրա: Նոր համակարգը կնպաստի, որ ԱՊՀ տարածաշրջանում ծրագրերն առավել օբյեկտիվ կերպով ենթարկվեն փորձաքննության և փորձագետների համատեղ օգտագործումը տա առավելագույն արդյունքներ:

Հայաստանի կողմից առաջարկվել է նաև ԱՊՀ տարածաշրջանում ստեղծել գրադարանային միացյալ GRID ցանց, ԱՊՀ անդամ պետությունների համար ընդհանուր օգտագործման գիտական կենտրոնների և սարքավորումների միասնական համակարգ: Պարոն Հարությունյանը նշել է նաև գիտատեխնիկական ամսագրերի գնահատման համակարգի չափանիշների համապատասխանեցման անհրաժեշտության մասին:

Եվ վերջում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի հերթական նիստը 2020 թվականի սեպտեմբերին անցկացնել ՀՀ Ծաղկաձորում՝ համատեղելով «Գիտություն և ինովացիա» խորագրով գիտական սեմինարի հետ: Նիստին մասնակցելու համար Հայաստան կժամանեն Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի անդամները, ԱՊՀ անդամ պետություններից գիտնականներ ու գործարար աշխարհի ներկայացուցիչներ: