Այցելություն ՉԺՀ
Նոյեմբերի 12-16-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այցելության նպատակը երկու երկրների միջև գիտակրթական կապերի զարգացումն ու հեռանկարային ծրագրերն էին:
Պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ կրթության և ՉԺՀ գիտության նախարարների հետ:
Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման վերաբերյալ մի շարք հարցեր:
Չինաստանի կրթության նախարարը վերահաստատել է Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային մշտական մասնագիտության կարգավիճակ տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Նա ողջունել է Պեկինի մանկավարժական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ: Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի (Հանբան) տնօրենի պաշտոնակատար Սիա Ձիենհուիի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Կոնֆուցիուսի կենտրոնին չինական կողմի ցուցաբերած աջակցության համար` շեշտելով, որ այն մեր երկու երկրների միջև կրթական և մշակութային առումով կարևոր օղակ է: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ Երևանում կառուցվող չինական դպրոցի գործունեության մեկնարկից հետո խիստ կարևորվելու է կենտրոնի դերակատարումը` Հայաստանի մանկավարժական կադրերի վերապատրաստման և տեղական կադրերով համալրելու առումով: Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կոնֆուցիուսի կենտրոնի Հայաստանի մասնաճյուղի գործունեությունը: Անդրադառնալով մեր ժողովուրդների հնամյա պատմությանը` նա նշել է, որ մեր երկու ժողովուրդները դարերի ընթացքում կարողացել են պահպանել ու պաշտպանել իրենց քաղաքակրթությունն և ինքնությունը:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՆ կայք՝ www.edu.am: