ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հոբելյանական միջոցառումներ Հռոմում

20.07.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հուլիսի 12-ից 14-ը Հռոմում մասնակցել է Մարսել Գրոսմանի անվան 14-րդ հանդիպման շրջանակներում կայացած Էյնշտեյնի հավասարման 100-ամյակին և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի ոսկե հոբելյանին նվիրված միջոցառումներին, որոնք կազմակերպվել են Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի կողմից (ԻԿՐԱՆԵՏ):

Կոմիտեի նախագահը մասնակցել է միջոցառումների բացման արարողությանը, ինչպես նաև Մարսել Գրոսմանի անվան 14-րդ հանդիպման շրջանակներում կայացած պլենար նստաշրջանի աշխատանքներին:

Այցի շրջանակներում Ս. Հարությունյանը հանդիպում է ունեցել ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռ. Ռուֆֆինիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կենտրոնի գործունեության, ՀՀ կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև կնքված համաձայնագրի վավերացման գործընթացի, համատեղ մրցույթների կազմակերպման կարգի ու պայմանների ճշգրտման վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջարկվել է տարեկան 1 կամ 2 հայ ասպիրանտ գործուղել Իտալիա՝ իտալացի գիտնականների համաղեկավարությամբ ԻԿՐԱՆԵՏ-ի շրջանակներում իրականացվող գիտական աշխատանքներին և կադրերի վերապատրաստման ծրագրերին մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում Ռ. Ռուֆֆինիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մարսել Գրոսմանի անվան հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում: Հանդիպման անցկացման ժամկետներն ու պայմանները կճշգրտվեն լրացուցիչ քննարկումների ընթացքում: 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին