«Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը»
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հովանավորությամբ հունիսի 18-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում կայացավ «Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը:
Հայոց լեզվի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման նպատակն էր երիտասարդ մասնագետների համար ճանաչված լեզվաբանների կողմից գիտական զեկուցումների ներկայացումը, լեզվի զարգացման հետ կապված տարբեր խնդիրների քննարկումը:
Նիստը բացեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, որն իր խոսքում կարևորեց լեզվի պահպանման հարցում նման միջոցառումների անցկացումը:
Ողջունելով հյուրերին` նիստի նախագահ, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, մասնավորապես, նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիտության կոմիտեին և անձամբ Սամվել Հարությունյանին արդեն ավանդույթ դարձող այս միջոցառմանն աջակցության, ինչպես նաև մայրենի լեզվի խնդիրների նկատմամբ սրտացավ մոտեցման համար»:
Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Ռուզան Ասատրյանը կարդաց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ողջույնի խոսքը:
Միջոցառման շրջանակներում նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Հակոբ Կարապենց» հիմնադրամի համատեղ կազմակերպած Հակոբ Կարապենցի անվան մրցույթի 6 հաղթողներին հանձնվեցին մրցանակներն ու դրամական պարգևները: Ամենամյա մրցույթի արդյունքում կրթաթոշակներ են տրամադրվում հումանիտար ֆակուլտետներում բարձր առաջադիմությամբ սովորող և ստեղծագործական ջիղ ունեցող ուսանողների:
Պարգևատրման արարողությունից հետո սկսվեցին զեկուցումները, որոնք վերաբերում էին հայոց լեզվի արդի հիմնահարցերի, հնչյունաբանական, բառապաշարային, քերականական, լեզվաոճական տարբեր իրողությունների, վիճահարույց խնդիրների: Զեկուցումներն ընդմիջվում էին քննարկումներով:
Այս միջոցառումով բացվում է Գիտության կոմիտեի կողմից 2018 թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների շարքը: Մյուս միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
2018 թ. Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ: