Կյանքից հեռացել է ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը:
Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 30-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Մհերի Սեդրակյանը:
Դավիթ Սեդրակյանի աշխատանքները վերաբերում են ճառագայթման տեսությանը և տեսական աստղաֆիզիկային։ Լինելով բնագավառի լավագույն մասնագետներից, դառնալով գիտական բազմաթիվ առաջարկների ու լուծումների, տեսությունների հեղինակ՝ Դավիթ Սեդրակյանը զուգահեռաբար պատվով է կատարել իրեն վստահված գիտավարչական պատասխանատու պաշտոնները՝ եղել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ և այլն: Դ. Սեդրակյանը հսկայական ավանդ ունի նաև գիտական կադրերի պատրաստման գործում՝ ոչ միայն հարազատ ԵՊՀ-ում, այլև աշխարհի ամենահայտնի գիտական կենտրոններում, որտեղ դասախոսություններով հանդես է եկել որպես հրավիրված պրոֆեսոր:
Դավիթ Սեդրակյանի հիմնած «Աստղաֆիզիկա» ամսագիրը հայկական եզակի պարբերականներից է, որն ինդեքսավորվում է Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի կողմից:
Գիտության մեջ ակադեմիկոսի վաստակը բարձր է գնահատվել բոլոր ժամանակներում. 1970 թ. նա դարձել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում, 1999 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու անվան մեդալով, իսկ 2019-ին՝ ՀՀ պետական բարձր պարգևով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2013 թվականին Դավիթ Մհերի Սեդրակյանին շնորհվել է ՀՀ գիտության կոմիտեի ոսկե մեդալ՝ երկարամյա գիտական գործունեության, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև գիտության զարգացման գործում մեծ ավանդի ու ձեռքբերումների համար:
ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Դավիթ Սեդրակյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին և նրանց հետ կիսում է անդառնալի կորստի վիշտը:
Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):
ՀՀ գիտության կոմիտե