ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Հարցեր գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ

 

Հարց 1. - Ո՞ր կազմակերպությունները կարող են դիմել Գիտության կոմիտե՝ գիտական միջոցառման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի  կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Պատասխան – Գիտական միջոցառման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի  կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու համար հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունները և բուհերը:

 

Հարց 2. - Ի՞նչ ժամկետներում կարելի է ներկայացնել գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտը:

Պատասխան – Նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ կազմակերպությունը Գիտության կոմիտե է ներկայացնում միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտ՝ համաձայն Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի Հավելված 1-ի կամ դպրոցի կազմակերպման համար հայտ՝ համաձայն Հավելված 3-ի:

 

Հարց 3.- Ինչպիսի՞ գործընթաց և ի՞նչ ժամկետներ է ենթադրում գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրումը:

Պատասխան  - Կոմիտեում ստուգվում է ներկայացված Հայտերի համապատասխանությունը Կարգի պահանջներին, անհրաժեշտության դեպքում Հայտը վերադարձվում է լրամշակման: Հայտերը գնահատելու համար Կոմիտեն ստեղծում է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը գնահատում է Հայտը՝ համաձայն իր կողմից հաստատված գնահատման թերթիկի: Հայտի գնահատման համար, անհրաժեշտության դեպքում, կարող է հրավիրվել փորձագետ: Աշխատանքային խումբը կոմիտեի նախագահին ներկայացնում է տեղեկատվություն՝ գնահատված հայտերի վերաբերյալ և առաջարկություն՝ հայտը ֆինանսավորման երաշխավորելու և ֆինանսավորման ծավալների մասին: Կոմիտեի նախագահը, հաշվի առնելով աշխատանքային խմբի առաջարկությունը և ելնելով ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների չափից, որոշում է ընդունում ֆինանսական աջակցություն տրամադրելու և ֆինանսավորման չափի մասին: Միջոցառումը/դպրոցը անցկացնելուց առնվազն տասնհինգ օր առաջ կոմիտեի և կազմակերպության միջև կնքվում է ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիր (պայմանագրի ձև 1, ձև 2):  

 

Հարց 4.-Հայտից բացի ի՞նչ այլ տեղեկատվություն է պետք ներկայացնել Գիտության կոմիտե

Պատասխան - Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու համար, միջոցառումը/դպրոցը անցկացնելուց առնվազն տասն օր առաջ, Կազմակերպությունը ներկայացնում է միջոցառման վերաբերյալ հայտարարության տեքստ, որտեղ նշվում է միջոցառման անցկացման վայրը, ժամկետները, ծրագիրը, կազմակերպչական կոմիտեի կազմը, նյութերի հրապարակման ձևը, միջոցառման կայքին հղումը և այլն:

 

Հարց  5.- Ի՞նչ է պահանջվում գիտական միջոցառման ավարտից հետո:

Պատասխան – Միջոցառումը/դպրոցը անցկացնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում կազմակերպությունը կոմիտե է ներկայացնում հաշվետվություն (Հավելված 2 և Հավելված N 4): Հաշվետվությանը կից ներկայացվում են կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների ծախսերը հավաստող փաստաթղթերի (պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, հաշվիչ դրամարկղային կտրոններ, տեղեկանքներ և այլն) պատճենները: Կոմիտեում ստուգվում է հաշվետվությամբ ներկայացված ֆինանսական միջոցների ծախսման համապատասխանությունը պայմանագրի նախահաշվին, հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, այնուհետև ստորագրվում է հաշվետվությունն ընդունելու մասին հանձնման-ընդունման արձանագրությունը:

 

Մանրամասն տե՛ս  Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգ (հաստատված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. փետրվարի 15-ի N 204-Ա/2 հրամանով)