«Կոմիտաս – 150»
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը տեղի ունեցավ «Կոմիտաս – 150» գիտական նստաշրջանը, որը կազմակերպվել էր ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Նստաշրջանի բացումը և լիագումար նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության խոսքը հաղորդեց Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
ՀՀ գիտության կոմիտեի կողմից ողջույնի խոսքը ներկայացրեց կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանը: Իր ելույթում նա ընդգծեց նստաշրջանի կազմակերպիչներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նշանակությունը Կոմիտասի կայացման մեջ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներդրումը կոմիտասագիտության զարգացման գործում, նաև գոհունակություն հայտնեց նստաշրջանին տարբեր գիտական կազմակերպությունների ու բուհերի ներկայացուցիչների մասնակցության կապակցությամբ (ողջույնի խոսքը ամբողջությամբ):
Նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով (կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առթիվ)» պատկերագրքի շնորհանդեսը:
Նստաշրջանը եզրափակվեց դեկտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիսությամբ, որի ժամանակ ներկաներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Երեկույթին համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան): Հանդիսությանը առաջին անգամ կատարվեցին Կոմիտաս վարդապետի հեղինակած «Հիշողություն» պիեսը լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» պիեսը սիմֆոնիկ նվագախմբի համար: