ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Պարզաբանում

12.09.2012

Ս.թ. սեպտեմբերի 11-ին http://ankakh.com/ կայքում տեղադրված «Օրենքն ընդունվելուց 12 տարի անց դեռ չի գործում, քանի որ կառավարությունը գործունեության կարգը չի սահմանել» հրապարակման կապակցությամբ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հայտնում է հետեւյալը.

 

Համաձայն 2000 թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 3-րդ կետի՝ գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված աշխատավարձից, պարգեւատրումներից, գիտական աստիճանի, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի համար տրվող լրացուցիչ վարձատրությունից եւ այլ հավելավճարներից: Գիտական աշխատողի վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը: Վերը նշված հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

 

Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշման 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար 2008 թվականի հունվարի 1-ից սահմանված են հավելավճարներ` գիտությունների դոկտորին 20000 դրամի, գիտությունների թեկնածուին` 10000 դրամի չափով:

 

Այսպիսով՝ գիտական աստիճան ունեցող, սակայն պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում չընդգրկված անձանց համար ՀՀ կառավարության որոշմամբ հավելավճարներ չեն նախատեսվում:

 

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, համաձայն որի նախատեսվում է՝ «տարիքային կենսաթոշակի իրավունք, գիտահետազոտական աշխատանքի  առնվազն  15  տարվա աշխատանքային ստաժ,  գիտական աստիճան ունեցող եւ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված անձանց կենսաթոշակից բացի  տալ ամենամսյա հավելավճար` պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» («Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 13, կետ 3):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի

տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին