ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-ֆրանսիական գիտական համագործակցությունը նոր փուլ է թեւակոխում

28.10.2009

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կնքվեց պայմանագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (նախագահ՝ Սամվել Հարությունյան), ՀՀ ԳԱԱ –ի (նախագահ՝ Ռադիկ Մարտիրոսյան), Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Մոսկովյան գրասենյակի տնօրեն՝ Վլադիմիր Մայեր), ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (տնօրեն՝ Արամ Պապոյան) միջեւ՝ հայ-ֆրանսիական միջազգային միացյալ լաբորատորիա ստեղծելու մասին:

 

Պայմանագրի ստորագրումը բխում էր 2009 թ. հունվարի 20-ին ՀՀ ԿԳՆ-ի եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջեւ կնքված  պայմանագրի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքներից:

 

Ինչպես իր ելույթում նշեց կոմիտեի նախագահը. «Առաջին անգամ Հայաստանում այս մրցույթի շրջանակներում փորձարկվեց գիտության ոլորտում անկախ փորձագիտական համակարգը: Սովորաբար, փոքր երկրներում այսպիսի համակարգերը դժվար են աշխատում, բայց արդյունքները գոհացուցիչ էին: Հայաստանում ընտրված ծրագրերը բարձր գնահատակաների են արժանացել նաեւ Ֆրանսիայում:

 

Մրցույթը հայտարարվել էր երեք տարբեր ծրագրերի շուրջ՝ երկկողմ փոխգործակցության, միացյալ միջազգային լաբորատորիաների եւ գիտահետազոտական խմբերի կազմավորման: Արդյունքում ընտրվել են ինը երկկողմ փոխգործակցության, երկու միացյալ միջազգային լաբորատորիաների եւ մեկ գիտահետազոտական խմբի կազմավորման ծրագրեր:

 

Միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաների կազմավորման ծրագրի շրջանակներում ընտրվել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ու հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների ներկայացրած հայտերը:

 

Մրցույթով ընտրվել է նաեւ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից ներկայացված հայտը՝ միջազգային գիտահետազոտական խումբ ստեղծելու ծրագրի շրջանակներում»:

 

Համագործակցության գաղափարը ողջունեց նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահը, մասնավորապես նշելով՝ «Ես նույնպես շատ եմ կարեւորում այս գործընթացը: Մրցույթի նպատակն էր ընդլայնել հայ-ֆրանսիական համագործակցությունը, որում բացի անհատներից արդեն կներգրավվեն նաեւ կազմակերպություններ»:

 

Վլադիմիր Մայերն իր ելույթում կարեւորելով Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ արդեն ձեւավորված գիտական համագործակցությունը՝ նշեց, որ եթե ծրագիրը հաջողի, ֆրանսիական կողմը նպատակ ունի ընդլայնել ֆինանսավորումը:

 

Մրցույթն անցած մյուս կազմակերպությունների հետ, որոնց ծրագրերը մեկնարկելու են 2010-ին, պայմանագրեր կկնքվեն հետագայում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին