Ասուլիս՝ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում
Դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը:
Կոմիտեի նախագահն անդրադարձավ ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ԱՐԵԱԼ (AREAL-Advanced Research Electron Accelerator Laboratory) գծային արագացուցչին՝ այն գնահատելով որպես միջազգային համագործակցության փայլուն արդյունք: Արագացուցչի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 22-ին:
«ԱՐԵԱԼ» արագացուցիչը նախագծվել և կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում: Մեր հիմնական գործընկերները այդ հարցում եղել են գերմանական DESY արագացուցչային կենտրոնը և շվեյցարական Փոլ Շերերի անվան ինստիտուտը: Այս ծրագրին փորձագիտական աջակցություն է ցուցաբերել արտասահմանյան առաջատար մասնագետներից կազմված միջազգային փորձագետների խումբը:
ԱՐԵԱԼ գիտահետազոտական արագացուցչի արժեքի հիմնական մասը (20 մլն եվրոյի չափով, որը ծրագրի արժեքի մոտ 95 տոկոսն է) տրամադրել են եվրոպական խոշոր գիտական կենտրոնները, մասնավորապես՝ DESY-ն և PSI -ն: Մնացածը գումարը հատկացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«ԱՐԵԱԼ» արագացուցիչն ընդգրկում է մի շարք բնագավառների՝ լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման և համապատասխանեցման առաջավոր տեխնոլոգիաները: Գծային արագացուցչի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում: Նման հետազոտություններն այսօր աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոնների կարևորագույն գերակա ուղղություններից են:
«ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014 թ. մայիս-հունիս ամիսներին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները և ապահովվել են արագացուցչի նախագծային պարամետրերը: Արդյունքները զեկուցվել են միջազգային հեղինակավոր գիտաժողովներում, եվրոպական մի շարք արագացուցչային կենտրոններում, Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
Մայիսին Գիտության պետական կոմիտեն հայտարարել էր գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ, որի արդյունքում ընտրված 5 գիտական թեմաները կիրականացվեն ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա: 2014 թ. դեկտեմբերից Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտական խմբերը կսկսեն «ԱՐԵԱԼ» համալիրում իրականացնել իրենց փորձարարական հետազոտությունները, որոնք ներառում են մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ:
Ս. Հարությունյանն անցած տարվա կարևորագույն իրադարձություններից համարեց DESY արագացուցչային կենտրոնի համար էլեկտրաֆիզիկական սարքավորումների ստեղծման պատվերը «ՔԵՆԴԼ» ինստիտուտին: Անցնող տարում ծրագրվել է նաև «ԱՐԵԱԼ» համալիրում մեր արտասահմանյան գործընկերների հետ համատեղ կատարել նոր արագացուցչային տեխնոլոգիաների և ճառագայթման աղբյուրների գծով հետազոտությունների երկարաժամկետ ծրագրեր:
2014 թ. հոկտեմբերին ավարտվել են բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիաների գծով փորձարարական կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:
Գիտության պետական կոմիտեի և «ՔԵՆԴԼ» կենտրոնի ջանքերով 2010-2014 թթ. պաշտոնական բանակցություններ են կայացել և համագործակցության հուշագրեր են կնքվել Ֆրանսիայի Ատոմային էներգիայի դեպարտամենտի, Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի, Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի և Չինաստանի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ:
Ասուլիսի ժամանակ Ս. Հարությունյանն անդրադարձավ նաև Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցությանը՝ Եվրոպական տնտեսական միությանը անդամակցելու տեսանկյունից: Նա նշեց, որ 1993 թ.-ից Հայաստանը հանդիսանում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետություն: Հայաստանից ՄՀՄԻ գործուղվել և աշխատում են ԵՊՀ-ի ու Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցներ, ովքեր գիտական հետազոտություններ են իրականացնում հիմնականում տեսական ֆիզիկայի, բարձր էներգիաների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: ՄՀՄԻ-ի կենտրոնում իրենց մագիստրոսական թեզերն են պատրաստում ԵՊՀ-ի ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետների մագիստրանտները, ինչպես նաև իրենց թեկնածուական թեզերն են պատրաստում ՀՀ շրջանավարտ-քաղաքացիները: Հայաստանի անդամակցությունը ՄՀՄԻ-ին հնարավորություն է տալիս ոչ միայն օգտվել գիտական բացառիկ սարքավորումներից (տարբեր հզորության արագացուցիչներ, միջուկային ռեակտորներ և այլն), այլև համագործակցել ՄՀՄԻ-ի անդամ պետություններից գործուղված գիտաշխատողների հետ և ընդգրկվել մի շարք միջազգային գիտական ծրագրերում, որոնք իրականացվում են հիշյալ կառույցի և այլ երկրների (ոչ անդամ պետությունների) խոշոր գիտական կենտրոնների հետ՝ CERN, DESY և այլն: ՄՀՄԻ-ում սկսվել է ծանր իոնների՝ NICA արագացուցիչի հետ կապված նախագծի իրականացումը, որի մաս կազմող մի շարք գիտական սարքավորումներ նախատեսում են պատրաստել Հայաստանում` մասնավորապես Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում և «ՔԵՆԴԼ» ինստիտուտում: ԳՊԿ նախագահը հույս հայտնեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի շրջանակներում ավելի սերտ համագործակցություն կարող է ունենալ Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ կարող է դառնալ վերջինիս հիմնական ռազմավարական գործընկերը առաջատար տեխնոլոգիաների բնագավառում:
Ասուլիսի վերջում Ս. Հարությունյանն անդրադարձավ ԳՊԿ-ի կողմից իրականացվող մրցույթներին, մանրամասնելով վերջին մրցույթը. Նա նշեց, որ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում հոկտեմբերի 30-ին հայտարարվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ, որի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2014 թ. նոյեմբերի 30-ն էր: Այս մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ և արդեն ներկայացվել է մոտ 300 հայտ, ինչը փաստում է, որ մրցույթի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ է: Պարոն Հարությունյանը ներկայացրեց նաև, թե գիտության որ բնագավառներից և ինչ տարիքային խմբերից են ստացվել մրցութային հայտերը՝ ուրախալի փաստ համարելով այն, որ այս տարի ավելի շատ երիտասարդներ են դիմել:Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 100 գիտնականները մեկ տարի ստանալու են ամսական կտրվածքով 135000 դրամ՝ ներառյալ հարկերը:
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարականության հետ կապերի բաժին