Պայմանավորվածություններ հայ-ռուսական գիտական համագործակցության շրջանակներում
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 26-29-ը գործուղվել էր ՌԴ` մասնակցելու ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին, ինչպես նաև` հանդիպելու Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի և «Կուրչատովյան ինստիտուտ» ռուսաստանյան գիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:
2018 թ. մարտի 28-ին Մոսկվա այցի շրջանակներում Սամվել Հարությունյանը հանդիպել է Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի տնօրեն Վլադիսլավ Պանչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննակվել է երիտասարդ գիտնականների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հարցը: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի երիտասարդ գիտնականներին մասնակցելու ՀՀՌՀ գիտական միջազգային ծրագրերին: Վ. Պանչենկոն հայտնել է իր շահագրգռվածությունը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ կողմից ներդրված «Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման» ծրագրերն ուսումնասիրելու և ՀՀՌՀ համակարգ ներմուծելու վերաբերյալ: Վ. Պանչենկոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. մայիսի 14-ից 16-ը Մոսկվայում կայանալիք Գլոբալ հետազոտական խորհրդի (ГИС) կազմում ընդգրկված ազգային գիտական կազմակերպությունների ղեկավարների ամենամյա հանդիպման շրջանակներում գիտության, տեխնիկայի և ինովացիաների ոլորտում երիտասարդ գիտնականներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրկնքելու վերաբերյալ: Հանդիպման շրջանակներում նախատեսվում են նաև 2008թ. մարտի 25-ին կնքված Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջև համագործակցության մասին մտադրությունների հուշագրի շրջանակներում հայ-ռուսական համագործակցության 10-ամյակին նվիրված միջոցառումներ:
Մարտի 29-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գիտության զարգացման վարչության տնօրեն Գ. Սարիչևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները՝ հատկապես երկակի նշանակություն ունեցող համատեղ ծրագրերի իրականացման ոլորտում: Քննարկվել է նաև «Ռոսատոմ» պաշտոնական գրասենյակի վերաբացման հարցը:
Գործուղման ընթացքում Գիտության պետական կոմիտեի նախագահն ունեցել է նաև այլ հանդիպումներ. «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի փոխտնօրեն Մ. Պոպովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտնականներ` ինստիտուտի հետ համագործակցության հեռանկարները, իսկ մարտի 29-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Ս. Գլազևի հետ հանդիպման առանցքային թեման առաջիկայում հայ - ռուսական գիտական համագործակցության շրջանակներում տեխնոլոգիաների տրանսֆերի ուղղությամբ համագործակցության իրականացումն էր: