Ասուլիս «Փաստարկ»-ում
Այսօր «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի եւ «ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովի համատեղ ասուլիսը: Բանախոսները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեցին «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2013» մրցույթի արդյունքները եւ «ՔԵՆԴԼ» նախագծի ընթացքը եւ հեռանկարները:
Ասուլիսի սկզբում կոմիտեի նախագահը խոսեց գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթի մասին: Մրցույթն անցկացվել էր գիտության բոլոր բնագավառներում՝ հայագիտության, հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի, ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակի ֆինանսավորմամբ:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 51 հայտ, որոնցից ֆինանսավորման են երաշխավորվել 31-ը (ծրագրերից 1-ը կֆինանսավորվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով, մնացած ծրագրերի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջոցով): Յուրաքանչյուր հայտի համար ֆինանսավորման ծավալը կազմում է 9 միլիոն ՀՀ դրամ՝ 2 տարի ժամկետով:
Գիտության պետական կոմիտեի նախագահը նոյեմբերի 15-ին, ժամը՝ 10.00-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից երիտասարդ գիտաշխատողներին դրամաշնորհների վկայագրերի հանձնման արարողությունը, որը տեղի կունենա կոմիտեի նիստերի դահլիճում (հասցեն՝ Օրբելի 22, 1-ին հարկ):
Պարոն Հարությունյանը խոսեց նաեւ ՔԵՆԴԼ նախագծի առաջին փուլի ԱՐԵԱԼ-ի կարեւորության եւ աշխատանքների ընթացքի մասին: «ԱՐԵԱԼ նախագիծն իր համարժեքը չունի ողջ տարածաշրջանում: Այն թույլ կտա ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների եւ արագ պրոցեսների դինամիկայի ուսումնասիրման ուղղություններով, եւ կարեւոր գիտական ու կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի եւ նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:
ԱՐԵԱԼ արագացուցչի կառուցման արդյունքում Հայաստանում կստեղծվի էլեկտրոնային արագացուցիչների եւ դրանց կիրառման ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիա, կձեւավորվի ՔԵՆԴԼ հիմնական արագացուցչի կառուցմանը պատրաստ գիտնականների եւ ինժեներների անձնակազմը, կփորձարկվեն ՔԵՆԴԼ հիմնական արագացուցչի համակարգերի տեխնիկական լուծումները, կզարգանա միջազգային համագործակցությունը:
Ներկայումս հաջողությամբ ավարտված են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները: Աշխատանքները թեւակոխել են արագացուցչի գործարկման որոշիչ ավարտական փուլը` էլեկտրոնների առաջին փնջի ստացումը»,- նշեց կոմիտեի նախագահը:
ԱՐԵԱԼԻ ստեղծման եւ կառուցման աշխատանքների մասին խոսեց նաեւ ՔԵՆԴԼ նախագծի ղեկավար Վասիլի Ցականովը: Նա անդրադարձ կատարեց ԱՐԵԱԼ- Ի պատմությանը. 2011 թ-ին միջազգային փորձագետների հետ քննարկումների արդյունքում, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով միջազգային փորձը՝ առաջարկվեց ՔԵՆԴԼ նախագծի փուլային իրագործում. համեմատաբար փոքր, իրենից ինքնուրույն գիտական արժեք ներկայացնող, արագացուցչային ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին համապատասխանող եւ փորձարարական հետազոտությունների հեռանկարային ուղղություններ զարգացնող ծրագրի իրականացում, որը միջազգային հանրությանը կփաստեր միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից արագացուցչային ծրագիր իրագործելու Հայաստանի ունակության մասին: Ձեւավորվեց ՔԵՆԴԼ նախագծի 1-ին փուլի ԱՐԵԱԼ (Advanced Research Electron Accelerator Laboratory) գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման նախագծի գաղափարը:
Պարոն Ցականովը նշեց նաեւ, որ ԱՐԵԱԼ նախագիծն իրագործվել է Գերմանիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ: Նախագծին խորհրդատվական լուրջ ծառայություններ են մատուցել նաեւ մեր ռուս, չինացի, ամերիկացի, ֆրանսիացի եւ իտալացի գործընկերները:
Շատ մեծ աշխատանքներ են կատարվել նաեւ Գիտության պետական կոմիտեի եւ «ՔԵՆԴԼ» կենտրոնի համատեղ ջանքերով՝ 2010-2012թթ. պաշտոնական բանակցություններ են կայացել եւ համագործակցության հուշագրեր են կնքվել՝ Ֆրանսիայի Էներգետիկայի դեպարտամենտի, Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի, Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի եւ Չինաստանի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ:
Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին