ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԳՏԿ կենտրոնական գրասենյակը տեղափոխվում է Աստանա

26.06.2015

Հունիսի 21-23-ը  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների  խորհրդի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին:

 

Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության՝ ՄԳՏԿ-ի կազմից դուրս գալու մասին որոշումը,  հունվարի 16-ին ՄԳՏԿ կազմից դուրս գալու մասին պաշտոնապես տեղեկացրել է նաև Ռուսաստանի Դաշնությունը, և 6-ամսյա ժամկետում՝ հուլիսի 16-ին,  կփակվի նաև Մոսկվայում գտնվող ՄԳՏԿ կենտրոնական գրասենյակը:

 

Նիստում քննարկվել են Մոսկվայում ՄԳՏԿ գրասենյակի փակման և այն Աստանա տեղափոխելու հետ կապված կենտրոնի սարքավորումների հանձնման-ընդունման վերաբերյալ հարցեր, կոչ է արվել գործընթացը կազմակերպել այնպես, որ ՌԴ հաստատություններում կամ կազմակերպություններում տեղադրված, ՄԳՏԿ-ին պատկանող սարքավորումներն օգտագործվեն ՄԳՏԿ անդամ երկրների կողմից առանց հարկային ու մաքսային տուրքերի, կամ էլ դրանք առանց հարկերի ու մաքսատուրքերի տեղափոխվեն ընդունող երկրի տարածք:

 

ՄԳՏԿ կառավարիչների խորհուրդը երախտագիտություն հայտնեց ՌԴ-ին, ՌԴ արտգործնախարարությանը և «Ռոսատոմ» պետական ձեռնարկությանը՝ ավելի քան 20 տարի կենտրոնի գործունեության ու խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար և կոչ արեց ՌԴ-ին այսուհետ ևս համագործակցել ՄԳՏԿ-ի հետ: Կառավարիչների խորհուրդը երախտագիտություն հայտնեց նաև Գիտախորհրդատվական կոմիտեին՝  նախագծերի գնահատման համար:

 

Նիստում քննարկվեցին ՄԳՏԿ կենտրոնական գրասենյակի տեղափոխման հետ կապված այլ մանրամասներ, ՄԳՏԿ արխիվը Գիտատեխնիկական փաստաթղթերի ռուսաստանյան պետական արխիվին հանձնելու, 2014-15 թթ. ֆինանսական աուդիտի, 2015 թ. կողմերի կատարելիք ֆինանսական ներդրումների և այլ հարցերի վերաբերյալ:

 

Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև տարեվերջ:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին