ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մասնակցություն ՌԴ և ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումին

30.10.2015

Հոկտեմբերի 26-ից 28-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ կրթության և գիտության նախարարության հրավերով մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումին:

Քննարկվել են թեմաներ գիտական արդյունքների առևտրայնացման հնարավորությունների, ԱՊՀ տարածքում գիտության  մասսայականացման, ԱՊՀ երիտասարդ գիտնականների համագործակցության, ԱՊՀ համընդհանուր գիտատեխնիկական տարածք ստեղծելու հեռանկարների վերաբերյալ:

Ֆորումի օրակարգային նիստի ընթացքում, որին մասնակցել են գիտական կազմակերպությունների և գիտության բնագավառի ղեկավար մարմինները, զեկուցմամբ հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Զեկույցն իր մեջ ներառել է մանրամասն տեղեկատվություն ՀՀ-ում գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն գործունեության բնագավառում իրականացված բարեփոխումների ընթացքում կիրառված սկզբունքների և մոտեցումների, 2015-2019 թթ. գիտության ոլորտի գերակա ուղղությունների մասին: Համառոտ ներկայացվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես, ԱՊՀ պետությունների հետ: Զեկույցն իր մեջ ներառել է Հայաստանի և տարածաշրջանային մյուս երկրների միջև համեմատական վերլուծություններ, որոնցում Հայաստանը գերիշխող դիրքերում է մյուս պետությունների հանդեպ:

Ֆորումի շրջանակներում Սամվել Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանյան գիտական ֆոնդի (ՌԳՖ) կառավարման անդամ, թեմաների և ծրագրերի ղեկավար, գիտությունների թեկնածու Ա. Ն. Բլինովի հետ: Որոշվել է մշակել ՌԳՖ-ի հետ համագործակցության հնարավոր ուղիները` համատեղ գիտական ծրագրեր և թեմաներ իրականացնելու նպատակով: Առաջարկվել է կնքել համաձայնագիր ՌԳՖ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջև: