ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական ծրագրերի մրցույթները. 2013 թ. 1-ին կիսամյակ

16.07.2013

Հուլիսի 16-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ ԳՊԿ նախագահը ներկայացրեց գիտական ծրագրերի մրցույթների կազմակերպման ուղղությամբ 2013 թ. 1-ին կիսամյակում կոմիտեի իրականացրած աշխատանքները:

 

Նա նշեց, որ հիմնարար եւ կիրառական բնույթի՝ հատկապես՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանման, ինչպես նաեւ միջազգային համագործակցության զարգացան նպատակով 2013 թվականի 1-ին կիսամյակում Գիտության պետական կոմիտեն հայտարարել է 9 մրցույթ, որից 5-ի հայտերի ընդունման ժամկետներն ավարտվել են, իսկ  3 միջազգային, եւ 1 ներպետական մրցույթների հայտերի ընդունումն ընթացքի մեջ է:

 

Ընթացքի մեջ են Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության ծրագրի բաց մրցույթը (ժամկետ՝ 17.09.2013), Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ  գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության մրցույթը (ժամկետ՝ 10.10.2013), ինչպես նաեւ՝ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր –2013» մրցույթը՝ բնական գիտությունների բնագավառում  (ժամկետ` 07.08.2013): Վերջինիս  արդյունքում մինչեւ 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն 3-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի, որոնցում գիտական խորհրդատուն պետք է լինի ՀՀ մշտական բնակիչ, իսկ խմբի մյուս անդամները՝ լինեն ԼՂՀ մշտական բնակիչներ եւ դրամաշնորհի իրականացման ընթացքում բնակվեն այնտեղ:

 

Հուլիսի 13-ին Գիտության պետական կոմիտեն հայտարարել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Մինչև 16 ամիս ժամկետով առավելագույնը 25 միլիոն դրամ կազմող դրամաշնորհները տրվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 5-7 անձից (հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառների դեպքում՝ 3-5) բաղկացած հետազոտական խմբերի: Համաֆինանսավորող կարող է հանդիսանալ հայաստանյան կամ օտարերկրյա իրավաբանական անձը, որը կհամաֆինանսավորի նախագծի ընդհանուր արժեքի առնվազն 25 %-ը:  Հայտերի ընդունման վերջնաժամկետնն է 2013 թ. օգոստոսի 12-ը:

 

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է հայտարարել եւս 2 մրցույթ:

 

Պարոն Հարությունյանը հայտնեց, որ կոմիտեում ընթանում են հայտերի ընդունման ժամկետներն ավարտված մրցույթների տեխնիկական փորձաքննության եւ արդյունքների ամփոփման աշխատանքներ. Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթին մասնակցելու համար ստացվել է 358 հայտ, «Հասարակական գիտություններ» եւ «Հայագիտություն եւ հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի համար՝ 114 հայտ, իսկ «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման մրցույթի» համար՝ 59 հայտ:

 

Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց նաեւ 2013 թ. 1-ին կիսամյակում ավարտված եւ արդեն ամփոփված 4 մրցույթների արդյունքները: «Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի մրցույթի արդյունքում 97 գիտաշխատողի 1 տարվա կտրվածքով տրամադրվել է ամսական 100.000 դրամ հավելավճար (ստացվել էր 280 հայտ): Հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 17 ծրագիր: 2012 թ. հայտարարված Հայ-գերմանական համատեղ մրցույթի արդյունքում  ֆինանսավորվել է 10 ծրագիր, իսկ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012» մրցույթի արդյունքում՝ 25 ծրագիր (վերջիններից 20-ը ֆինանսավորել է գիտության պետական կոմիտեն, 2-ը՝ Համահայկական երիտասարդական հիմնադրամը, 3-ը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը):

 

2013թ. 1-ին կիսամյակում ամփոփվել են նաեւ 2011-2013 թթ. գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների հաշվետվությունները: Ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվել է 1.580.283.700 դրամ, որի շրջանակներում իրականացվել է 360-ից ավելի գիտական գործուղում, ձեռք են բերվել մոտ 206 մլն դրամի սարքեր եւ սարքավորումներ, պատրաստվել է 1458 հրապարակում (այդ թվում՝ ամսագրերում տպագրված 758 եւ տպագրման ընդունված 58 հոդվածներ, 642 գիտաժողովի նյութեր):

 

Ս. Հարությունյանը նշեց, որ կոմիտեի հայտարարած բոլոր մրցույթներում պարտադիր պայման է գիտական խմբում մինչև 35 տարեկան առնվազն մեկ գիտաշխատողի՝ ասպիրանտի կամ մագիստրոսի ընդգրկումը:

 

 Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին