ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ակադեմիական և գիտական ոլորտներում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևոր ուղղություն

16.01.2025

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։

Երկկողմ հարաբերությունների զարգացման փաստաթղթով նախատեսված առանցքային ուղղություններից մեկը գիտական, կրթական, մասնագիտական և մշակութային համագործակցությունն է, որին նվիրված է Կանոնադրության 5-րդ բաժինը (Մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանում)։

Ընդգծելով նորարարության և շարժունակության անհրաժեշտությունը երկու երկրների համագործակցության օրակարգում՝ Կողմերն առաջին հերթին պայմանավորվել են աջակցել երկկողմ այն ծրագրերին, որոնք կապահովեն երկու երկրների միջև կապը գիտական, կրթական և մշակութային փոխանակումների միջոցով։ Մասնավորապես՝ աջակցություն կստանան Fulbright Program, the Future Leaders Exchange Program (FLEX), Undergraduate Exchange (UGRAD), Legislative Education and Practice (LEAP), the International Visitor Leadership Program, the English Language Teaching and Learning Program նախաձեռնությունները։

Ակադեմիական և մասնագիտական շարժունությանը կխթանեն նաև ԱՄՆ կառավարության կողմից կրթական, մշակութային, գիտական և բիզնես ոլորտների մասնագետների համար ԱՄՆ վիզաների ստացման գործընթացի դյուրացմանն ուղղված քայլերը:

Երկկողմ ծրագրերին զուգահեռ՝ ամերիկյան կողմն ընդգծել է նաև իր հետաքրքրությունը գիտության և կրթության ոլորտների զարգացմանն ուղղված հայաստանյան ծրագրերի նկատմամբ։ Այս համատեքստում, առանձակի կարևորվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի դերը համագործակցային օրակարգում, մասնավորապես․ «Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները»:

Հիշեցնենք, որ 2024թ․ ավարտվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակումը և ծրագիրն անցել է բովանդակային փուլ, որի շրջանակներում առանձնահատուկ կարևորություն է տրվում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ նախագծի բովանդակության մշակման, կրթական ծրագրերի արդիականացման և կառավարչական անձնակազմի վերապատրաստման, հայաստանյան բուհերի միջազգային մրցունակության բարձրացմանն աջակցության, բուհական և գիտական համակարգերի ինտեգրման լավագույն փորձի ուսումնասիրության և ներդրման նպատակով: