Ներկայացվեց Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցը






Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստված Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը պատրաստվել է 2013-14 թթ. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի մասնագետների և փորձագետների կատարած մեծածավալ ուսումնասիրությունների ու քննարկումների հիման վրա: Ուսումնասիրության նպատակն է՝ բազմակողմանիորեն գնահատել ինովացիայի բնագավառում Հայաստանում առկա վիճակն ու ներուժը և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ինովացիոն գործընթացների ակտիվացմանն ուղղված առավել արդյունավետ քաղաքականության մշակման գործում: Ուսումնասիրությունների ընթացքում Հայաստանում փորձագետների աշխատանքը համակարգել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:
Բացման խոսքում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը, շնորհակալություն հայտնելով հայ մասնագետներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունն ու գնահատումը հաշվի կառնվեն Հայաստանի ինովացիոն ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակողների կողմից: Նա նշեց, որ չնայած Հայաստանում ինովացիոն գործընթացների զարգացման ակնհայտ միտում կա, այնումենայնիվ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց կարևորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը շարունակելու և սերտացնելու պատրաստակամություն հայտնեց և ընդհանուր գծերով ներկայացրեց կոմիտեի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մշակված իրավական ակտերն ու միջազգային պայմանագրերը և այլն:
Այնուհետև զեկույցը ներկայացնելու համար խոսքը տրվեց հեղինակներին: Նշենք, որ զեկույցը բաղկացած է 7 բաժնից, յուրաքանչյուր բաժնի վերջում տրված են եզրակացություններ և համապատասխան խորհրդատվություն: Փաստաթղթում հանգամանորեն ներկայացված են ՀՀ գիտական և գիտատեխնիկական կառուցվածքի ներկայիս վիճակը, ազգային գիտաինովացիոն համակարգն ու քաղաքականությունը, գիտություն-արտադրություն կապն ու ինովացիոն գործընթացներում համագործակցությունը, ինովացիոն ձեռնարկատիրության ֆինանսավորման խնդիրները:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին