ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-բելառուսական գիտական կապերն ամրապնդվում են նաև կիրառական ոլորտում

06.03.2018

Առ այսօր հայ-բելառուսական գիտական համագործակցության շրջանակներում հայտարարվել և կազմակերպվել է գիտական ծրագրերի 3 մրցույթ:

Առաջին երկու մրցույթներն անցկացվել են 2011 և 2013 թթ.-ին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի միջև: Երկու մրցույթների արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 34 ծրագրեր: Չնայած մրցույթները հայտարարված էին գիտության գրեթե բոլոր բնագավառներում, հայտերի հիմնական մասը ներկայացվել և ֆինանսավորման էին երաշխավորվել բնական գիտություններից՝ հաշվի առնելով գիտության ու տեխնիկայի զարգացման գործում առկա գերակայությունների ընդհանրությունները: Արդյունքները բավականին գոհացնող էին. անցկացված մրցույթները հնարավորություն տվեցին պահպանել հայ և բելառուս գիտնականների միջև գոյություն ունեցող գիտական կապերը, հաստատվեցին նոր գիտական կապեր: Մրցույթները նպաստեցին համատեղ գիտական հրապարակումների թվի աճին, ընդ որում, հիմնականում բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Ավելացան երկու երկրների միջև գիտական այցելությունները, համատեղ կազմակերպվեցին գիտաժողովներ, գիտական տարաբնույթ միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շրջանակներում թերևս ամենաարդյունավետ գիտական համագործակցությունը կարելի է համարել հայ- բելառուսականը:

Հաշվի առնելով արդեն անցկացված և բավական լավ արդյունքներ գրանցած մրցույթների տվյալները` այս տարի արդեն ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն առաջին անգամ Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի հետ համատեղ հայտարարեց կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթ՝ բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներին համապատասխանող նախագծերի համար:

Նոր մրցույթը ևս մեծ հնարավորություններ է ընձեռում կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության խթանման, ինչպես նաև երկու երկրների միջև եղած ավանդական բարեկամական կապերի ամրապնդման և հետագա զարգացման համար:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե