ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջան Կրակովում
Նոյեմբերի 21-23-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Կրակովում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջանին:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի 120-րդ նստաշրջանի առաջարկությունները, ՄՀՄԻ 2017-2023 թթ. զարգացման 7-ամյա պլանի նախագիծը, 2017 թ. բյուջեի նախագիծը, ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքում ընդունված առաջարկությունները, ՄՀՄԻ 2015թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտորական ստուգման արդյունքները:
Առանձին զեկույցներ նվիրված են եղել ՄՀՄԻ աշխատանքներին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության մասնակցության կասեցմանն ու Կրակովյան SOLARIS սինքրոտրոնի հետ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցերին:
Նստաշրջանի ընթացքում ամփոփվել են ՄՀՄԻ 2016թ. գործունեության արդյունքները և մշակվել են 2017-2023թթ. ռազմավարական զարգացման գերակա ուղղությունները և պլանները:
Նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ` ՄՀՄԻ 2016 թ. գործունեության արդյունքների ամփոփման և 2017-2023թթ. ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունների, հիմնական գիտական նախագծերի ներկա կարգավիճակի և հեռանկարների, ինչպես նաև 2017թ. բյուջեի ձևավորման քաղաքականության վերաբերյալ:
Նիստի ընթացքում ընդունվել է ՄՀՄԻ 2017թ. բյուջեն, ինչպես նաև՝ ՄՀՄԻ անդամ-պետությունների կողմից վճարվող 2017թ. տարեկան անդամավճարների չափը հաստատող փաստաթուղթը:
Որոշվել է ՄՀՄԻ անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հերթական նիստն անցկացնել 2017թ. մարտի 27-ից 28-ը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին