ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համագործակցության համաձայնագիր

22.10.2009

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի եւ կոմիտեի ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին գիտության բնագավառում համագործակցության  խնդիրներ:


Հանդիպման վերջում կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ու հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, ըստ որի կողմերը պայմանավորվում են համագործակցել՝ գիտական հետազոտություններին աջակցելու նպատակով, օժանդակել միմյանց գիտական նյութերի եւ գրականության փոխանակման, գիտական նախագծերի փորձաքննության իրականացման, փորձաքննություններին առաջատար գիտնականների ներգրավման եւ այլ հարցերում:


Փաստաթղթում  կարեւորվում են  հատկապես գիտության զարգացման գերակա ուղղությունների շրջանակներում իրականացվող միջոցառումները:


Համաձայնագրի շրջանակներում կողմերը աջակցություն են ցուցաբերելու  հումանիտար գիտությունների բնագավառում հիմնարար, կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանքներին (հատկապես, եթե դրանք իրականացվում են երիտասարդ գիտնականների կողմից), գիտական հետազոտությունների արդյունքների հրատարակմանը, գիտաժողովների, սեմինարների եւ այլ գիտական միջոցառումների անցկացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրման ու առեւտրայնացման գործընթացներին, գիտական հետազոտությունների նախագծերի իրագործմանը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին