Հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Հունիսի 10-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Միավորված ազգերի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տնտեսական համագործակցության եւ ինտեգրման բաժնի պետ Խոսե Պալասինի եւ նույն բաժնի աշխատակից Քրիստոֆեր Աթեյի հետ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները ժամանել են Երևան` ՀՀ գիտաինովացիոն ոլորտի, նրա ենթակառուցվածքի ուսումնասիրության, վերլուծության եւ Հայաստանի Հանրապետության ինովացիոն հնարավորությունների ու զարգացման հեռանկարների մասին զեկույց նախապատրաստելու նպատակով:
Հանդիպման ընթացքում Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի գիտության ներկայիս վիճակը, Գիտության պետական կոմիտեի առջեւ դրված խնդիրները, դրանց լուծումները, ԳՊԿ կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ մեգա-ծրագրերը:
ԳՊԿ աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության պետ Վ. Սահակյանը ներկայացրեց կոմիտեի նպատակները, մշակված փաստաթղթերը, մասնավորապես` գիտության զարգացման ռազմավարությունը եւ ռազմավարական ծրագիրը:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ա. Գեւորգյանը, ով ներկայացրեց ազգային ինովացիոն համակարգի բաղադրիչները, ինովացիոն գործունեությանն աջակցող ինստիտուտները, գիտություն-արտադրություն համագործակցության զարգացման ուղիները: