Ռուս-հայկական ինովացիոն կենտրոն Երեւանում
Ապրիլի 15-ին մեկնարկած «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովի շրջանակներում Երեւանում ստորագրվեց հուշագիր՝ ռուս-հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի բացման վերաբերյալ:
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել երկու երկրների տնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացներին` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայման միջոցով: Համագործակցություն նախատեսվում է իրականացնել մի քանի ուղղություններով` միջպետական ինովացիոն համակարգի եւ ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձևավորում, տեղեկատվական և կազմակերպական փոխադարձ աջակցություն, ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով խորհրդատվական ծառայությունների, ուսումնական դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների կազմակերպում, ինովացիոն նախագծերի հավաքագրում ու ընտրության մեխանիզմների մշակում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերներ գտնելու և համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու գործում օժանդակություն:
Ռուս-հայկական ինովացիոն համագործակցության համաժողովը կազմակերպվել էր ՌԴ, ԱՊՀ երկրների, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվա») ՀՀ ներկայացուցչության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից:
Համաժողովը կշարունակվի նաեւ ապրիլի 16-ին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին