ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Պոլիտեխնիկում մեկնարկել է 19-րդ տարեկան գիտաժողովը

18.11.2014

2014 թ. նոյեմբերի 17-ին  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը մասնակցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) հերթական 19-րդ տարեկան գիտաժողովի առաջին լիագումար նիստին:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովի նպատակն էր հնարավորություն ընձեռել պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, մագիստրանտներին, ինչպես նաև ուսանողներին` գիտական զեկուցման ձևով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ և լավագույն աշխատանքները ներկայացնել հրատարակման` նպաստելով հանրապետությունում և հատկապես համալսարանում իրականացվող գիտական գործունեության առաջընթացին։

Առաջին լիագումար նիստը բացեց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հ.Թոքմաջյանը, ով շնորհավորեց  գիտաժողովի մասնակիցներին գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ և մաղթեց հաջող ընթացք սեկցիաների աշխատանքներին:

ՀՀ  ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ևս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին` նշելով, որ ուրախ է ներկա գտնվել Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովի բացման արարողությանը։ «Շնորհավորում եմ Պոլիտեխնիկին ազգային հիմնադրամ դառնալու կապակցությամբ։ Սա վկայում է, որ Պոլիտեխնիկը կարող է վստահ քայլերով գնալ առաջ։  Բուհն իր ուրույն տեղն ունի և՛ տեղական, և՛ միջազգային դրամաշնորհային ծրագրերում, որտեղ մեծ ակտիվություն են ցուցաբերում նաև մասնաճյուղերը»։

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին