Հավաստագրեր` մրցույթների հաղթողներին
Մարտի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից 2017 թ. անցկացված միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, մրցույթներում հաղթելու կապակցությամբ շնորհավորելով գիտնականներին, համառոտ ներկայացրեց կոմիտեի կողմից իրականացված միջազգային համատեղ մրցույթների արդյունքները` կարևորելով դրանք թե՛ ֆինանսավորման, թե՛ միջազգային գիտական կապերի զարգացման տեսանկյունից: Նա անդրադարձավ նաև միջազգային գիտական կապերի զարգացման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքներին` նշելով, որ համագործակցային կապերի խթանումը կոմիտեի առջև դրված օրակարգային հարցերից է:
Միջոցառման ժամանակ հավաստագրեր հանձնվեցին 3 մրցույթով ընտրված գիտական խմբերի ղեկավարներին: Մրցույթները հայտարարվել և հայտերն ընդունվել են 2017 թվականի ընթացքում, Հայաստանում և համաֆինանսավորող երկրներում համապատասխան փորձաքննական փուլերն անցնելուց հետո, հաղթող նախագծերի ցանկերը հաստատվել են վերջին ամսվա ընթացքում:
2018 թ. մարտի 1-ից սկսվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2018» մրցույթով անցած 39 նախագծերի ֆինանսավորումը: ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերը կաշխատեն 12 կամ 24 ամիս տևողությամբ: Մրցույթին մասնակցելու ներկայացված 147 հայտերից ընտրվել է 39-ը: Դրանցից 29-ը բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները:
Ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 21-ը հայաստանյան կողմից ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտները, 10 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից, 1-ական թեմաներ` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Կրթության ազգային ինստիտուտից և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանից: Այս մրցույթի ֆինանսավորման ծավալը կազմում է 337,3 մլն ՀՀ դրամ: Գիտական խմբերի ներկայացուցիչներին հավաստագրերը հանձնեցին Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԵՊՀ գիտության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ Գիտության պետական կոմիտեն նախկինում ևս երկու մրցույթ է իրականացրել, որոնց շրջանակներում հաջողությամբ իրականացվել են 42 համատեղ ծրագրեր: Մրցույթների արդյունքում գիտական ամսագրերում և գիտաժողովների նյութերում տեղ են գտել 466 հրապարակումներ, որից՝ 354-ը արտերկրում, ձեռք են բերվել շուրջ 60 միավոր գիտական սարքեր և սարքավորումներ, իրականացվել են 150-ից ավելի փոխադարձ գիտական այցելություններ:
Միջոցառման ժամանակ հավաստագրեր հանձնեցին նաև ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» հետ համատեղ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌԴ ԻԱՀ-2017» մրցույթով ընտրված գիտական նախագծերի ղեկավարներին: Մրցույթին ներկայացված 10 հայտերից Ֆինանսավորման է երաշխավորվել 3 թեմա, որոնք ներկայացվել են «Բարվա» ինովացիոն կենտրոն, «Էլո Ինովացիոն Տեխնոլոգիաներ», «Բիթլիս-Մեն» կազմակերպությունների կողմից: Բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառները ներկայացնող ծրագրերը կիրականացվեն ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերի կողմից և կտևեն 18 կամ 24 ամիս: Այս մրցույթի ֆինանսավորման ծավալը 24,75 մլն ՀՀ դրամ է: «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» հետ համատեղ մրցույթ անցկացվել է նաև 2016 թվականին. ֆինանսավորման էր երաշխավորվել 6 ծրագիր` 47,25 մլն ՀՀ դրամ ֆինանսավորման ծավալով:
Միջոցառման ժամանակ հավաստագիր հանձնվեց նաև Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ անցկացված բազմակողմ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ընտրված, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնող գիտական խմբի ղեկավարին: Սերգեյ Մինասյանի ղեկավարած խումբը 24 ամսվա ընթացքում կստանա 13,5 մլն ՀՀ դրամ` «Տարածաշրջանի գեոէկոլոգիայի վրա էներգետիկայի ազդեցության գնահատման մեթոդների և տեխնոլոգիաների մշակումը» գիտական ծրագրի իրականացման համար:
Այս մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 15 հայտ, որոնք, ըստ մրցույթի պայմանի, պետք է ուղղված լինեին Եվրասիական տարածաշրջանի մշակույթի կայացման և կենսագործունեության ոլորտում միջգիտակարգային հետազոտությունների իրականացմանը` մարդաբանություն, գենային աշխարհագրություն, գեոէկոլոգիա, հնալեզվաբանություն և ազգագիտություն բնագավառներում: Գիտական նախագծերի հայտերը ձևավորվել են հայաստանյան և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի կողմ հանդիսացող առնվազն երկու այլ երկրներից ձևավորված կոնսորցիումի կողմից (մտադրությունների հուշագիրն ստորագրվել է 2016 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Մոնղոլիայի և Վիետնամի կողմից): Տեխնիկական պահանջները բավարարած հայտերը ներկայացվել են փորձաքննության՝ ըստ յուրաքանչյուր կողմի սահմանած ընթացակարգի: Ֆինանսավորում ստանալու համար ծրագրերը պետք է արժանանային մասնակից բոլոր կողմերի հավանությանը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին