ՀՀ կառավարության նիստում
ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացել «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ 2016-2019 թվականների ընթացքում (2019 թ. հունիսի դրությամբ) Հայաստանի գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է «Հորիզոն-2020»-ի քննարկման ենթակա մասնակցության 103 հայտ, որոնցից 26-ը բավարարվել է, այսինքն` այսպես կոչված հաջողության գործակիցը կազմում է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) մեջ:
Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության երկու կազմակերպություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, 2019 թ. շահել են «Twinning» ծրագրեր:
Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվել է ֆինանսական ներդրում կատարել Հայաստանի և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով: