ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ և շոտլանդացի գիտնականները մշակել են նոր օպտիկական սենսոր

29.09.2017

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի  ֆինանսական աջակցությամբ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հետազոտական խմբի կողմից կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների մրցույթի շրջանակներում իրականացվել է «Ռադիոհաճախականություններով ղեկավարվող Ֆոտո-Էլեկտրոնային ուժեղացուցիչ» ծրագիրը՝ Գլազգոյի (Շոտլանդիա) համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի գիտնականների հետ համատեղ: Համագործակցության արդյունքում մշակվել է նոր օպտիկական սենսոր՝ ռադիոհաճախականություններով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչ (ՌՀՖԷԲ), որը կարող է գրանցել առանձին ֆոտոններ 1 պիկովայրկյան ճշտությամբ և բարձր արագությամբ:

Այժմ ՌՀՖԷԲ նմուշը, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի Ֆոտեկ ընկերությունում, փորձարկվում է Ազգային գիտական լաբորատորիայում և ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում, ինչպես նաև Գլազգոյի համալսարանում: Նախատեսվում է երկու ռադիոհաճախությունների վրա հիմնված էլեկտրոնների շեղող համակարգն օգտագործել բազմապիքսելանոց անոդի հետ միասին, ինչը հնարավորություն կտա հասնել բարձր տարածական լուծողականության և բազմակի գրանցել առանձին ֆոտոններ, որոնք ժամանակի մեջ իրարից շեղված են ընդամենը 1 պիկովայրկյանով:

Ազգային գիտական լաբորատորիայի ու Գլազգոյի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի հետազոտական խմբերը, որպես արդյունավետ համագործակցության շարունակություն, նախատեսում են զարգացնել ՌՀՖԷԲ-ի տեխնոլոգիան և կիրառելի դարձնել բժշկության, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում: