Գրականության ինստիտուտը 75 տարեկան է
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինտիտուտում մասնակցեց ինստիտուտի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսությանը:
Միջոցառման բացմանը հնչած շնորհավորական ելույթների շարքում Վ. Սահակյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով, որում կարևորեց ինստիտուտի նշանակությունը, մասնավորապես, գիտության զարգացման գերակա ուղղություն հանդիսացող հայագիտության ոլորտում աշխատանքների իրականացման ուղղությամբ: Նա նշեց, որ ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունը և առաքելությունը հայ ժողովրդի ազգային նկարագիրը պահպանելը, սերունդներին կրթելը, հայեցի դաստիարակելը և հայրենիքին նվիրված քաղաքացիներ պատրաստելն է:
Վարդան Սահակյանը հայտնեց նաև, որ Գրականության ինստիտուտի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ Գիտության կոմիտեն պարգևատրել է ինստիտուտի երեք աշխատակիցների: ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 53-Ա/Ք հրամանով ինստիտուտի Հովհաննես Թումանյանի կյանքի և գործունեության տարեգրության խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանին շնորհվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի Ոսկե մեդալ: Մեդալը շնորհվել է Վ. Կիրակոսյանի` գիտական կադրերի պատրաստման և գիտության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի ու նշանակալի գործունեության, ինչպես նաև՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում ունեցած նշանակալի ծառայությունների, մասնավորապես՝ Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրության քառահատորի կազմման համար:
Նույն հրամանով ինստիտուտի արտասահմանյան գրականության և համեմատական գրականագիտության բաժնի ավագ գիտաշխատողներ Գոհար Կարագյոզյանին և Զարուհի Հայրյանին շնորհվել են գիտության կոմիտեի պատվոգրեր` գիտության ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների, երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար:
Տեղեկատվության և հասարակայնությաՆ հետ կապերի բաժին