Հանդիպում «Գիտական Համայնք Հայաստան» խմբի ներկայացուցիչների հետ
Փետրվարի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունեց «Գիտական Համայնք Հայաստան» խմբի ներկայացուցիչներին`քննարկելու ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ:
Բարձրացված առաջին հարցը վերաբերում էր Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքի մի մասի օտարմանը:
Սամվել Հարությունյանը նշեց, որ խնդիրը քննարկելու համար ստեղծվել է հանձնաժողով, որը հենց նույն օրը կանցկացնի իր առաջին նիստը, և ողջունեց երիտասարդների առաջարկը` նշված հանձնաժողովում իրենց ներկայացուցչին ընդգրկելու վերաբերյալ:
Գիտության կոմիտեի նախագահը խոսեց պետական գույք հանդիսացող գիտական կազմակերպությունների շենքերի մակերեսներն արդյունավետ կառավարելու խնդիրներից և երիտասարդներին հավաստիացրեց, որ հանձնաժողովը բազմակողմանիորեն կուսումնասիրի հարցը և առաջարկություններ կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Բարձրացված երկրորդ հարցը վերաբերում էր Գիտության կոմիտեի կողմից անցկացվող Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթների ժամանակ գիտական խմբի ղեկավարին ներկայացվող պահանջին, այն է՝ երիտասարդները դժգոհություն էին հայտնում այն դրույթներից, որ խմբի ղեկավար կարող է լինել գիտական աստիճան ունեցող անձը, ով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո ունի առնվազն երեք տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ: Նրանք գտնում էին, որ խմբի ղեկավարին կարելի է գնահատել` հաշվի առնելով գործունեության արդյունավետությունը, կամ էլ կարելի է ղեկավարի տարիքային շեմը բարձրացնել: Ս. Հարությունյանը պնդեց, որ կոմիտեն չի կարող ֆինանսավորում տրամադրել գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ չունեցողին, իսկ գործունեության արդյունավետության գնահատման դեպքում կնախատեսվի բավականին բարձր շեմ, որը քիչ երիտասարդներ կհաղթահարեն:
Անդրադառնալով գիտնականների ցածր աշխատավարձին` Սամվել Հարությունյանը նշեց, որ դա հնարավոր կլինի ոլորտում կատարողականի հիման վրա իրականացվող ֆինանսավորման մեխանիզմների ներդրման պայմաններում: Նա երիտասարդներին մանրամասն ներկայացրեց նախատեսվող գործընթացի ժամանակ հաշվի առնվելիք սկզբունքները, ինչպես նաև ներկայացրեց գիտական հիմնարկների` ռեյտինգային ֆինանսավորման անցնելու կարգի նախագիծը, որն այժմ մշակվում է հատուկ այդ նպատակի համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
«Գիտական Համայնք Հայաստան» խմբի անդամներն անդրադարձան նաև Գիտության կոմիտեի կողից անցկացվող մրցույթներին մասնակցելու հայտերի ընդունման համար տրվող ժամկետներին` նշելով, որ դրանք երբեմն չեն բավարարում հայտերը նախապատրաստելու համար: Որպես խնդրի լուծում`առաջարկվեց մրցույթների հայտարարման ժամանակացույցը հրապարակել նախօրոք: