Հանդիպում «Volkswagen» հիմնադրամի պատվիրակության հետ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց գերմանական «Volkswagen» հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի գլխավոր քարտուղար Վիլհելմ Քրուլի գլխավորությամբ, ովքեր Երևան էին ժամանել «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառման շրջանակներում:
ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ողջունեց հյուրերին` նշելով, որ Հայաստանը խիստ կարևորում է գիտության ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը
Պարոն Հարությունյանը հյուրերին ընդհանուր գծերով ներկայացրեց կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերը, ներկայում Հայաստանում գիտության ոլորտում առաջացած խնդիրները, կոմիտեի կողմից առաջադրված և իրականացված լուծումները, որոնք ուղղված են գիտության ոլորտ երիտասարդների ներգրավմանը, արտերկրի հայերի գիտական ներուժի օգտագործմանը, մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացմանը և այլն:
Կոմիտեի նախագահը մանրամասն խոսեց գիտության ֆինանսավորման ձևերի, մեթոդների և սկզբունքների մասին, ներկայացրեց կոմիտեի կողմից ֆինանսավորվող մրցութային ծրագրերի դասակարգումը, դրանց հիմնական տեսակները, այդ թվում` կարևորեց երիտասարդ գիտնականներին աջակցմանն ուղղված ծրագրերը, առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների խրախուսման, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հայտերի մրցույթները:
Պարոն Հարությունյանը հյուրերին ներկայացրեց միջազգային համագործակցության ուղղությամբ կոմիտեի գործունեությունը, «Volkswagen» հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ոլորտները:
Ինչպես նշեց գերմանական պատվիրակության ղեկավարը, հիմնադրամի ֆինանսավորմամբ տարիներ շարունակ Հայաստանից Գերմանիա են հրավիրվում երիտասարդ ճանաչված գիտնականներ, ովքեր իրենց գիտական գործունեությունը շարունակում են գերմանական տարբեր գիտակրթական, հետազոտական կառույցներում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջանում մշակել մեխանիզմներ, որոնք կօգնեն տվյալ մասնագետներին, համապատասխան որակավորում ստանալուց հետո, վերադառնալ Հայաստան և իրենց փորձը ներդնել հայրենիքում:
Պարոն Քրուլը նշեց, որ հիմնադրամը պատրաստ է տեղում քննարկել որոշ ծրագրեր, մասնավորապես` համատեղ գիտական հետազոտությունների և մշակումների իրականացումը, հայկական և գերմանական գիտական կազմակերպությունների ու բուհերի փոխադարձ կապերի ստեղծումը և համագործակցության վերաբերյալ այլ ուղղություններ:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին