ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-հնդկական գիտական կապերի ամրապնդում

31.03.2016

Մարտի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալեց Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտից Ս.Կ. Վարշնիին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցչին:

Հիմնական քննարկվող հարցը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջև համագործակցության մասին կնքվելիք արձանագրության նախագիծն էր:

Կողմերը համաձայնեցին ստորագրել համագործակցության մասին արձանագրություն` նպատակ ունենալով ամրապնդել 1994 թվականի մարտի 25-ին Նյու-Դելիում ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կնքված համաձայնագրով ամրագրված կապերը:

Քննարկվեցին արձանագրության բովանդակային կետերը, ստորագրման տեխնիկական հարցերը, արձանագրության ստորագրման արդյունքում նախատեսվող մրցույթներին վերաբերող հարցերը, մասնավորապես` կատարման ժամանակացույցը, ժամկետները, մրցույթների պայմանները, համատեղ ֆինանսավորման ենթակա ծրագրերի քանակը, ֆինանսավորման ձևերն ու չափը և այլն:
Արձանագրության ստորագրումը նախատեսվում է ապրիլի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: Հայկական կողմից այն կստորագրի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Գ. Հարությունյանը, իսկ հնդկական կողմից` Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Ս. Կ. Վարշնին: