Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության նոր հեռանկարներ գիտահետազոտական, կրթական, մշակութային և այլ ուղղություններով
Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդիպել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է:
Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ՄԿՈւ ոլորտում GIZ-ի հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ներկայում ենթաօրենսդրական ակտերի մշակման, ինչպես նաև դուալ կրթության ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ներգրավման միջոցով:
Անդրադարձ է եղել «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այս համատեքստում գերմանական ընկերությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև հետագա հնարավոր աջակցությանը: Հետազոտական ծրագրերի զարգացման ուղղությամբ գերմանական կողմը կարևորել է շինարարության ոլորտում հնարավոր համագործակցությունը:
Հաջորդաբար ՀՀ պատվիրակությունը հանդիպել է գերմանական խոշորագույն գիտահետազոտական չորս ընկերություններից մեկի՝ HELMHOLTZ ընկերության նախագահ Օթմար Վիսթլերի հետ:
Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների, կլիմայի փոփոխությունների և արհեստական բանականությանը միտված ուսումնասիրությունների ուղղությամբ:
Անդրադառնալով էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է այլընտրանքային էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի ստացման ուղղությամբ քննարկումներն ու գիտական հետազոտությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև HELMHOLTZ ընկերության հնարավոր ներկայությանն ակադեմիական քաղաքում:
Գերմանական կողմն առաջարկել է ամառային դպրոցների փոխանակման ծրագրերի անցկացում՝ երիտասարդ հետազոտողների և գիտնականների ներգրավմամբ:
Նշենք, որ ներկայում իրականացվում է համատեղ ծրագիր՝ Հայաստանի և Գերմանիայի գիտական դրամաշնորհների և հետազոտությունների շրջանակում, և առկա է բավականին հաջող համագործակցություն տարբեր ուղղություններով:
Հաջորդաբար հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ֆրաունհոֆեր Fraunhofer ինստիտուտի, Piranha Arts ստեղծագործական ընկերության ներկայացուցիչների հետ:
Fraunhofer ինստիտուտի ներկայացուցիչ Բերթրամ Նիկոլայի հետ քննարկվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես՝ գերմանական կողմը հետաքրքրված է Մատենադարանում Fraunhofer ինստիտուտի կենտրոն կամ լաբորատորիա ստեղծելու և ձեռագրերի թվային վերականգնման հնարավորությամբ, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ: