ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ կառավարության նիստում

24.05.2012

Մայիսի 24-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին»:

 

«Քենդլ» հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել կենտրոնի կայացման համար: Հիմնադրամի նպատակներն են ստեղծել սինքրոտրոնային ճառագայթման աղբյուր, զարգացնել եւ կիրառել սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաներ, իրականացնել գիտական, գիտատեխնիկական եւ գիտաինովացիոն գործունեություն, պատրաստել բարձր որակավորման գիտական եւ գիտամանկավարժական կադրեր եւ այլն։

 

ՀՀ վարչապետը, անդրադառնալով «Քենդլ» հիմնադրամի ստեղծմանը, նշել է. «Ունենք մի խումբ տաղանդավոր ֆիզիկոսներ, որոնք այս գործի նվիրյալներն են, եւ նրանց ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք տարբեր հեղինակավոր կենտրոնների հետ կապեր հաստատել, ստանալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն։  Մի քանի միլիոն եվրոյի սարքավորում արդեն գտնվում է Հայաստանում, եւ իմ կարծիքով՝ այս կենտրոնը բավական հեռանկարային է»։

 

Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին եւ դրա իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագծին:

 

Որոշման համաձայն՝ կմշակվեն ոլորտում եւ հարակից բնագավառներում կիրառելի նոր տեխնոլոգիաներ, կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ եւ նոր աշխատատեղեր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին